Ռազմաշաբաթ. Հայաստան. օգոստոսի 24-30

Հակոբ Ինջիղուլյանին տեղափոխել են երրորդ երկիր։ Մարտական հենակետում զինվոր է մահացել։ Տավուշում ականի պայթյունից վիրավորվել է 4 զինծառայող։ Սյունիքում տարածքներ են ականազերծվել։

ՀՀ տարածքում շարունակվում են ականազերծման աշխատանքները

” Օգոստոսի 26-ին դեռևս անցյալ տարի գերի ընկած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին Բաքվից տեղափոխել են երրորդ երկիր։ Այս մասին Հակոբի հարազատներին հայտնել են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից։ Այլ մանրամասներ ԿԽՄԿ գրասենյակը չի հաղորդել։

” Օգոստոսի 28-ին ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրքերից մեկում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող մահացու վերքով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանը (ծնված 1995թ.)։ Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ։

” Օգոստոսի 28-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում ինժեներասակրավորական աշխատանքներ կատարելիս ականի պայթյունից վիրավորվել է ՀՀ զինված ուժերի 4 զինծառայող՝ փոխգնդապետ Լեռնիկ Ռաֆիկի Բաբայանը, կապիտան Վահագն Մանվելի Սարգսյանը, լեյտենանտ Հովհաննես Սամվելի Կոթինյանը, պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Ջիվանի Բաբայանը։

” Օգոստոսի 28-ին Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում հակաականային գործողությունների ազգային մարմինը` «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը (ՀԱՓԿ ՊՈԱԿ), ականազերծված և ստուգազննված տարածքներ է հանձնել Սյունիքի մարզպետարանին: Տարածքներն ականազերծել են «ՀԱԼՕ Թրաստ» կազմակերպությունն ու ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի սակրավորները։

” Հեռահար հրետանու ու տարբեր տեսակի հրթիռային ստորաբաժանումների համաժամանակյա սինխրոն ղեկավարման համար Հայաստանում նոր շարժական հրամանատարական կետ են ստեղծել, որից իրենց ստորաբաժանումները միաժամանակ ու սինխրոնիզացված կկարողանան ղեկավարել «Տոչկա», «Թայֆուն», «Սմերչ» ու «Սկադ», ինչպես նաև այլ հրթիռային ու հրետանային ստորաբաժանումների հրամանատարներ:

” Օգոստոսի սկզբին Հայաստանի պետական սահմանի մի շարք տեղամասերում արձանագրված մի շարք միջադեպերի առիթով հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր․ օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ 389-րդ հոդվածով (Միջազգային ահաբեկչություն)։

” Օգոստոսի 22-24-ը Ռազմինֆոն այցելել էր Արցախ ու հանդիպել նաև Պաշտպանության բանակի հրամամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ։ Բանակի հրամանատարը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Ադրբեջանի ՊՆ ներկայիս անփորձ ղեկավարները «մեզ համար էլ են վտանգավոր, քանի որ նրանք կարող են իրենց անկանխատեսելի քայլեր և արկածախնդրություն թույլ տալ հայկական կողմի նկատմամբ»։

Ռազմաշաբաթը նաև

Ադրբեջանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *