ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 29-ին ընդունեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին և Պաշտպանի զինծառայողների իրավունքների հարցերով նորանշանակ տեղակալ Արմեն Գրիգորյանին:
Սեյրան Օհանյանը Պաշտպանի տեղակալին շնորհավորեց պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթեց արդյունավետ աշխատանք:
Հանդիպմանը քննարկվեցին ՊՆ-ՄԻՊ համագործակցության զարգացման հեռանկարները և ի հայտ եկող խնդիրներին համատեղ օպերատիվ արձագանքելու կարողությունների կատարելագործման հետ կապված հարցեր, ինչպես նաև պաշտպանության նախարարության կողմից զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ կատարվող աշխատանքները:
Օհանյանն ընդգծեց, որ կարևորվում է ինչպես միջազգային գործընկերների, այնպես էլ ՊՆ ներքին ուժերով զինված ուժերում մարդու իրավունքների, փողոցային բարքերի դեմ պայքարի, զինվորական կոլեկտիվների կառավարման և այլ հարցերով ուսումնական ձեռնարկների, ուղեցույցների մշակումը և իրազեկվածության բարձրացման միջոցառումների անցկացումը, որտեղ օմբուդսմենի ինստիտուտը ևս կարող է դերակատարում ունենալ, փոխանցում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։