Բրազիլացիները կդիտարկեն Պանցիր-Ս1 համալիրներ գնելու արդյունավետությունը

Բրազիալիայի զինված ուժերի 9 սպաներ 9 օրով մեկնել են Ռուսաստան, որպեսզի Պանցիր-Ս1 զենիթահրթիռային հրանոթային համալիրներ գնելուց առաջ վերջնականապես որոշում ընդունեն՝ արդյոք դրանք լիովին համապատասխանում են Բրազիալիայի զինված ուժերի պահանջներին, հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը:

Պանցիր զենիթահրթիռային հրանոթային համալիր

Պանցիր զենիթահրթիռային հրանոթային համալիր

Մինչ այդ, Բրազիալիայի կառավարությունն արդեն հաստատել է, որ մտադիր է գնել ռուսաստանյան արտադրության համալիրներից, ու բացի այդ, ստորագրվելիք պայմանագրում նախատեսում է կետ ներառել, որով համալիրները հետագայում հնարավոր կլինի արտոնագրով արտադրել հենց Բրազիլիայում:

Հայտնի է, որ ավելի քան 1 միլիարդ ամերիկյան դոլար գնահատվող պայմանագրով Բրազիլիային կմատակարարվի Պանցիր-Ս1 համալիրի 3 մարտկոց, որոնցից յուրաքանչյուրը կհամալրի ցամաքային զորքերը, ռազմաօդային և ռազմածովային ուժերը։

Նշենք, որ դեռևս 2013-ի փետրվարին Բրազիլիայի նախագահը լիազորել էր պաշտպանության նախարարին ՌԴ-ի հետ սկսել բանակցություններ հակաօդային պաշտպանության Պանցիր-Ս1 համալիրի գնման շուրջ։

Հարկ է հիշեցնել, որ շատերը կարծում էին, թե Բրազիլիայում համալիրով նպատակ ունեն ի թիվս այլ խնդիրների լուծման, ապահովել նաև ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի անվտանգությունը, որն անցկացվում էր այդ երկրում, սակայն մրցաշարն արդեն ավարտված է, իսկ համալիրի գնման շուրջ հստակ պայմանագիր դեռևս չկա։

Ինչ վերաբերում է պայմանագրի երկրորդ մասին՝ Բրազիլիայում Պանցիր-Ս1 համալիր հավաքող ձեռնարկություն հիմնելու արտոնագրի տրամադրմանը, ապա նշենք, որ համաձայնության գալու դեպքում, ՌԴ-ն կհատկացնի բաղկացուցիչ մասերը, համալիրը տեղում հավաքելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաներն ու նաև արտադրանքը արտահանելու թույլտվություն։

Ավելացնենք, որ հակաօդային պաշտպանության փոքր հեռահարության Պանցիր Ս-1 զենիթահրթիռային հրանոթային համալիրը նախատեսված է կարևոր նշանակության ենթակառուցվածքների ու ռազմական օբյեկտների՝ օդային հարձակումներից պաշտպանության համար։ Հարկ է նշել, որ Սոչիի ձմեռային օլիմպիադայի ժամանակ հենց այս համալիրն էր պաշտպանում օլիմպիական օբյեկտները: Համալիրը օդային թիրախները կարող է հայտնաբերել մինչև 36 և խոցել մինչև 18 կմ հեռավորության վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *