Հնդկաստանը նախատեսում է ձեռք բերել ևս մեկ C-130J Super Hercules («Սուպեր Հերկուլես») բեռնատար ինքնաթիռ, որով նախատեսում է փոխարինել 2014 թվականի մարտին կորցրած «Սուպեր Հերկուլեսը»։
«Ջեյնսի» տվյալներով՝ Հնդկաստանում արդեն սկսել են համապատասխան աշխատանքները՝ ևս նոր C-130J-30 ինքնաթիռ գնելու ուղղությամբ։
Հնդկաստանի ռազմաօդային ուժերը ներկայում ունեն 5 միավոր Super Hercules (ձեռք էր բերել 6 միավոր ինքնաթիռ, սակայն մեկը վայր էր ընկել 2014-ի գարնանը), որոնց ձեռքբերման պայմանագիրը կնքվել էր Միացյալ Նահանգների հետ 2008 թվականին։ Պայմանագիրն արժեցել է 1,1 մլրդ ամերիկյան դոլար, իսկ ինքնաթիռները Հնդկաստանին հանձնվել են մինչ 2011 թվականի վերջը։
2014-ի հուլիսին հայտնի դարձավ, որ Հնդկաստանը ևս 6 միավոր C-130J-30 բեռնատար ինքնաթիռ է պատվիրել Միացյալ Նահանգներին։ Հնդկաստանն ինքնաթիռների նոր խմբաքանակի համար պատրաստվում է վճարել 1.1 մլրդ ամերիկյան դոլար։
C-130J-30-ը C-130 Hercules բեռնատար ինքնաթիռի արդիականացված և փոփոխված տարբերակն է։ Այն արտադրում է ամերիկյան Lockheed Martin ընկերությունը։
C-130J-30-ը կարող է տեղափոխել մինչև 128 հոգի կամ մինչև 20 տոննա բեռ։ Բեռնատար ինքնաթիռն առաջին թռիչքը կատարել է 1996 թվականին։