A400M-ը փորձարկել են որպես լիցքավորող ինքնաթիռ

Airbus Space & Defense ընկերությունը փորձարկել է իր նորագույն A400M բեռնատար ինքնաթիռները որպես լիցքավորող ինքնաթիռներ։ Ըստ ընկերության՝ փորձարկումները հաջող են ընթացել։

A400M-ը՝ լիցքավորելիս

A400M-ը՝ լիցքավորելիս

A400M-ն օդում լիցքավորել է Իսպանիայի ռազմաօդային ուժերի Boeing EF-18A Hornet կործանիչը։ A400M ինքնաթիռը 18.6 տոննա վառելիքով է լիցքավորել իսպանական կործանիչը, որի հետ 33 «չոր» և 35 «խոնավ» կապ է հաստատել։ Այս մասին տեղեկացրել են Airbus Space & Defense ընկերությունից։

Սպասվում է, որ A400M լիցքավորող ինքնաթիռներն ունակ կլինեն տեղափոխել մինչև 50.8 տոննա վառելիք։

Նշենք, որ եվրոպական Airbus Space & Defense ընկերության արտադրած A400M Atlas բեռնատար ինքնաթիռն ունակ է տեղափոխել մինչև 37 տոննա բեռ կամ 116 մարդ, ինչպես նաև կարող է օդում լիցքավորել կործանիչներ և այլ ինքնաթիռներ։ Այն կարող է զարգացնել մինչև 790 կմ/ժ արագություն, թռիչքներ կատարել 9,3 հազար կմ հեռավորության վրա։

A400M ինքնաթիռների ստեղծման գործընթացը սկսվել է 2000-ականների սկզբին: Առաջին թռիչքը կատարել է 2009 թվականին։ Մեկ միավոր ինքնաթիռի մոտավոր արժեքն է 136 մլն եվրո։

Ինքնաթիռի ստեղծման աշխատանքներին և ֆինանսավորմանը մասնակցել են Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Լյուքսեմբուրգը, Բելգիան, Մալայզիան, ինչպես նաև Թուրքիան, որոնք էլ նախատեսում են ստանալ ընդհանուր 174 միավոր A400M:

Թուրքիան Ֆրանսիայից հետո երկրորդ պետությունն է, որը ստացել է նորագույն ինքնաթիռից։ Թուրքիայի զինված ուժերն ընդհանուր ստանալու է 10 միավոր նորագույն ինքնաթիռներից, ինչի համար վճարելու է 1,5 մլրդ ամերիկյան դոլար։ Սպասվում է, որ A400M-երը Թուրքիային կփոխանցվեն առաջիկա 4 տարիների ընթացքում։

Թուրքական առաջին A400M-ը տեղակայվել է Կայսերիի (Կեսարիա) 221-րդ ավիաբազայում։ Այն ստացել է հայտնի թուրք ըմբիշ Քոջա Յուսուֆի անունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *