Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայում հետախուզական ստորաբաժանումների զինծառայողների մարտական պատրաստվածության վարժանքների շրջանակներում իրականացվում է հատուկ դասընթաց ռազմական ձեռնամարտի գծով, որի ընթացքում ուսուցանվում է մարտական ակրոբատիկա, ձեռնամարտի տեխնիկան, դանակներով մարտ։
Ինչպես հաղորդում է ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, ստորաբաժանման հրամանատարի՝ ֆիզիկական պատրաստվածության ու սպորտի գծով օգնական, կապիտան Ալեքսանդր Վոլնիխի և ձեռնամարտի վարպետների գլխավորությամբ ավելի քան 300 հետախույզներ ուսանում են պայմանական հակառակորդին դանակներով մարտի կամ ձեռնամարտի ժամանակ հակադարձելու հմտություններ։
Պարապմունքների ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվում այն մեթոդների կիրառմանը, որոնք թույլ են տալիս ուժի նվազագույն օգտագործման ու էներգիայի խնայողության պայմաններում անվնաս հեռանալ հրաձգության գոտուց՝ միաժամանակ հակադարձելով մի քանի հակառակորդների հարձակմանը։ Սույն մեթոդաբանությունն օգտագործվում է ոչ միայն բաց տարածքներում, այլև փակ ու նեղ տարածություններում։
Համաձայն աղբյուրի՝ դասընթացի ողջ կուրսն ավարտելուց հետո հետախույզների համար անցկացվելու է հատուկ ավարտական վարպետության դաս ձեռնամարտի գծով։
Ռուսաստանի ԶՈւ ՀՌՕ 102-րդ ռազմաբազան տեղակայվել է 1995 թվականին Գյումրիում: Իրականացնում է նաև մարտական հերթապահություն ԱՊՀ ՀՕՊ Միասնական համակարգի շրջանակներում։ Բազան հագեցած է Ս-300Վ զենիթահրթիռային համակարգերով և ՄիԳ-29 կործանիչներով։ Անձնակազմը բաղկացած է մոտ 5 հազար հոգուց։