Հունգարիան սեփական զինված ուժերի սպառազինությունից հանված ու պահեստում պահվող 80 միավոր Տ-72 տանկերի աճուրդ է անցկացրել՝ 22 ու 58 միավորանոց երկու խմբաքանակով: Հայտնում է Հունգարիայի ՊՆ կայքը:
Երկրորդ խմբաքանակի գնորդ է դարձել չեխական Excalibur Defense ընկերությունը, որն էլ տանկերը գնել է մետաղաջարդոնի գնով՝ յուրաքանչյուր տանկի համար վճարելով ընդամենը 8,5 հազար դոլար:
Չեխական ընկերությունը ներկայում արդեն Չեխիա է տեղափոխում տանկերը, որտեղ դրանք հնարավոր է՝ տրամադրի Չեխիայի զինված ուժերին: Չնայած դրան՝ հավանական է նաև տանկերի վերավաճառքը այլ երկրների:
Անհրաժեշտ է նշել, սակայն, որ հունգարական կողմը տանկերը վաճառելիս պայման է դրել, որ հետագայում դրանք կարելի է վերավաճառել միայն այն պետություններին, որոնց նկատմամբ չի կիրառվում ռազմական կամ երկակի նշանակության արտադրանքի վաճառքի էմբարգո: Բացի այդ, տանկերը վերավաճառելիս չեխական ընկերությունը պիտի շարժվի Եվրոպայի սովորական զինված ուժերի պայմանագրի կետերի համաձայն, որոնցով եվրոպական երկրներին թույլատրվում է սպառազինության մեջ ունենալ նշված քանակից ոչ ավելի տանկեր ու այլ ռազմական տեխնիկա:
Ավելացնենք, որ Հունգարիան Տ-72 տանկեր ձեռք է բերել դեռևս ԽՍՀՄ գոյության ժամանակաշրջանում Խորհրդային Միությունից ու Լեհաստանից: Ներկայում երկրի զինված ուժերում կիրառության մեջ է 32 միավոր Տ-72 տանկ, մնացած տանկերը պահեստում են կամ կիրառվում են որպես թիրախներ զորավարժությունների ժամանակ: Իսկ առկա սպառազինության վաճառելու պատրաստակամության մասին հունգարական կողմը հայտնել էր դեռևս 2013-ի կեսերին:
Նշենք, որ Տ-72 տանկը նախագծվել է 1967-ից սկսած ու սպառազինության է ընդունվել 1973-ին։ Այն պատրաստվել է որպես հիմնական մարտական տանկ։ Տ-72-ը ներկայում ունի մոտ 20 տարբեր արդիականացում:
Տանկի վրա տեղադրված է 125 մմ-անոց 2Ա46 հարթափող թնդանոթ, ինչպես նաև թնդանոթին կցված ՊԿՏ 7,62 մմ ու զենիթային ՆՍՎՏ 12,7 գնդացիրներ։ Տանկի բազային տարբերակի վրա տեղադրված է 780 ձիաուժանոց Վ-46 շարժիչ (որոշ արդիականացումների վրա տեղադրված են 840 ձիաուժանոց շարժիչներ)։ Տանկի զանգվածը 41 տոննա է։ Լողացող չէ, առանց հատուկ սարքավորման կարողանում է անցնել մինչև 1,2 մետր խորությամբ ծանծաղուտներ:
Տ-72 տանկերի տարբեր արդիականացումներ առկա են աշխարհի շուրջ 40 երկրների սպառազինության մեջ, այդ թվում՝ Հայաստանում: Տանկի մոտավոր գինը տատանվում է 1-ից 2 մլն ամերիկյան դոլարի շրջանակներում: