Հունաստանի ռազմաօդային ուժերի A-7E Corsair II տախտակամածային թեթև գրոհիչն օգոստոսի 26-ին վայր է ընկել հունական Կոմոտինի քաղաքի հարևանությամբ։ Օդաչուն կարողացել է կատապուլտի միջոցով փրկվել։
Ցամաքում նույնպես տուժողներ չեն եղել։ Ենթադրվում է, որ ինքնաթիռի կործանման պատճառը տեխնիկական է։ Խնդիրը պարզելու համար արդեն քննություն է տարվում։ Հայտնի է, որ Corsair-ը («Կորսար») կործանման ժամանակ զորավարժության էր մասնակցում, փոխանցում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։
A-7 Corsair II թեթև գրոհիչ ինքնաթիռը ստեղծել է ամերիկյան Ling-Temco-Vought ընկերությունը։ Առաջին թռիչքը կատարել է 1965 թվականին։ ԱՄՆ զինված ուժերն այս ինքնաթիռներից հրաժարվել են 90-ականների սկզբներին։ Ներկայում դրանք շահագործում են Հունաստանում և Թաիլանդում։
Մեկ միավորի մոտավոր արժեքն է 2.8 մլն ամերիկյան դոլար։ Առավելագույն արագությունը շուրջ 1100 կմ/ժ է, թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ շուրջ 2500 կմ։ Զինված է ավտոմատ թնդանոթով, ունի կախման 6 կետ ,կրում է «օդ»-«օդ» և «օդ-մակերևույթ» տիպի հրթիռներ, տարատեսակ ռումբեր։