Բաքվի ռազմական ցուցահանդեսին մասնակցելու է բելառուսական 12 ընկերություն

2014-ի օգոստոսի 11-13-ն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալու է ADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսը։ Օգոստոսի 25-ի դրությամբ իրենց մասնակցությունը հաստատել են 33 երկրների 170 ընկերություններ։ Ամենախոշոր տաղավարներն ունենալու են Ադրբեջանը, Թուրքիան, Բելառուսը, Հարավային Կորեան, Լեհաստանը, Իսրայելը, Ուկրաինան և ՌԴ-ն։

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի ուսումնասիրության կենտրոնի» կայքը, ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ծրագրված են մի շարք երկկողմ հանդիպումներ, ինչպես նաև «Մարտական գործողությունների ժամանակակից մեթոդներ և անվտանգության խնդիրներ» գիտաժողովը։ Նախատեսված է, որ ցուցահանդեսին պաշտոնական այցով ժամանելու է նաև Բելառուսի պետական ռազմարդյունաբերական հանձնաժողովի պատվիրակությունը՝ նախագահի առաջին տեղակալ Իգոր Բիկովի գլխավորությամբ։
Բելառուսից ընդհանուր առմամբ մասնակցելու են 12 ընկերություններ՝ «Բելսպեցվնեշտեխնիկա» ընկերության գլխավորությամբ։

Վերջինս ներկայացնելու է նոր զենիթահրթիռային համալիրների մասին տեղեկություններ, օպտիկական-էլեկտրոնային սարքավորումներ, վարժասարքեր։ Մնացյալ 11 ընկերությունները ներկայացնելու են ռադիոկայաններ, դաշտային հեռախոսներ, օպտիկակական նշանոցներ, դիտարկման սարքեր, լազերային նշանառու համակարգեր, նռնականետից կրակել սովորեցնելու համար նախատեսված վարժասարքեր, հեռակառվարմամբ գործարկվող դիտարկող կրակային համակարգ «Ադունոկ», «Վեկտոր-Մստ» վերահսկող-ախտորոշող սարքավորում, «Օսա», «Տունգուսկա», Ս-300Պ զենիթահրթիռային համալիրների մարտական մեքենաների ու արձակման կայանների մանրակերտեր և այլն։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի տվյալներով՝ Ադրբեջանը 2002-2012-ին Բելառուսից ստացել է  153 միավոր Տ-72 տանկի տարբեր մոդիֆիկացիաներ, 132 հատ հրետանային համակարգեր, այդ թվում Դ-30 հաուբից, 12 հատ «Պիոն» ինքնագնաց հաուբից, 60 հատ ԲՏՌ-70 զրահափոխադրիչ, 11 միավոր Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ։ Ընդ որում, միայն 2012-ին Ադրբեջանը Բելառուսից գնել է 62 միավոր Տ-72, 1 միավոր Սու-25։

One response to “Բաքվի ռազմական ցուցահանդեսին մասնակցելու է բելառուսական 12 ընկերություն

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. օգոստոսի 24-30 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *