Իրանն անօդաչուների կիրառմամբ զորավարժություններ է անցկացնելու

Իրանի զինված ուժերը 2014-ի հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում զորավարժություններ են անցկացնելու անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:Ինչպես հաղորդում է իրանական Tasnim  լրատվական գործակալությունը, այս մասին հաղորդել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Քումարդ Հեյդարին:

Նրա խոսքերով՝ իրենք առաջիկայում կտեղեկացնեն վարժանքների անցկացման վայրի մասին: Այդուհանդերձ, ավելի վաղ Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Ահմադ Ռեզա Փուրդասթանը լրագրողներին տեղեկացրել էր՝ անօդաչուների օգտագործմամբ վարժանքներ են նախատեսված երկրի կենտրոնական նահանգներից մեկում՝ Քումեում կամ Սպահանում:

Նկատենք, որ Իրանը պարբերաբար լուրեր է տարածում սեփական արտադրության սպառազինության, հատկապես՝ ԱԹՍ-ների արտադրության մասին, այդ թվում՝ քարոզչական նպատակներով։

2013-ի սեպտեմբերին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամեդ Ալի Ջաֆարլին ներկա էր եղել իրանական արտադրության «Շահեդ 129» հարվածային ԱԹՍ-ի շնորհանդեսին: Իրանում վկայում են՝ անօդաչուն ունակ է օդում մնալ շուրջ 24 ժամ, կառավարվում է մինչև 1700 կմ հեռավորության վրա։ «Շահեդ 129»-ն իրանական արտադրության հարվածային միակ ԱԹՍ-ն չէ: 2010 թվականին Իրանի ԶՈԻ-ն համալրեց նաև «Քարար» անվանումը կրող անօդաչուն:

2013-ի մայիսին Իրանի ՊՆ-ն ներկայացրել էր «Էպիք» անունը կրող ԱԹՍ-ն, որը, ըստ ստեղծողների, անտեսանելի է ՌՏԿ-ների համար։ Իսկ ապրիլին Իրանի ՊՆ-ն ներկայացրել էր ԱԹՍ-ների միանգամից 3 նոր մոդելներ։

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Հոսսեյն Դեհքանը 2013-ի նոյեմբերի 18-ին ներկայացրել է նոր մարտավարական «Ֆոթրոս» (Fotros) անօդաչու թռչող սարքը։ Համաձայն լուսանկարների՝ իրանական ԱԹՍ-ն արտաքինով հիշեցնում է ամերիկյան MQ-9 Reaper-ը։ Նախարարը ներկաներին հավաստիացրել է, որ նոր ԱԹՍ-ն «իր տեսակի մեջ ամենախոշորն է, որ երբևէ արտադրել է Իրանը»։

Քանի որ Իրանի ռազմարդյունաբերության ոլորտը փակ համակարգ է, միակ աղբյուրը պաշտոնապես հաղորդված տվյալներն են ու հրապարակված լուսանկարները։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *