Նիդեռլանդները որոշել են չերկարաձգել Patriot զենիթահրթիռային համալիների՝ Թուրքիայում տեղակայման ժամկետը, որը լրանում է այս տարվա վերջին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Նիդեռլանդների կառավարությունն արդեն տեղեկացրել է երկրի խորհրդարանին՝ Թուրքիային տրամադրած հակաօդային պաշտպանության համակարգերը 2015 թվականին հունվարին երկիր վերադարձնելու մասին։
Նիդեռլանդների զինված ուժերից էլ տեղեկացրել են, որ իրենց տրամադրած Patriot համակարգերը վերանորոգման և սպասարկման կարիք ունեն, ինչն էլ դրանք վերադարձնելու հիմնական պատճառ է դարձել։
Միևնույն ժամանակ հոլանդական կողմը հավելել է, որ իրենք չեն կարծում, թե Սիրիայից հնարավոր վտանգը նվազել է և այդ հարցում ևս շարունակելու են աջակցել ՆԱՏՕ-ին և Թուրքիային։
Նշենք, որ ներկայում Թուրքիայում տեղակայված է Patriot զենիթահրթիռային համալիների 6 մարտկոց։ Երկուական մարտկոց Թուրքիային են տրամադրել Նիդեռլանդները, Գերմանիան և Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի որոշմամբ, որին Անկարան դիմել էր 2011-ի վերջին ՀՕՊ համակարգեր տրամադրելու խնդրանքով՝ Սիրիայից հնարավոր վտանգին դիմակայելու համար։
Patriot կայանները Թուրքիայում էին տեղակայվել 2013 թվականին հունվար և փետրվար ամիսներին մեկ տարի ժամկետով։ 2013-ի վերջին, երբ լրանում էր դրանց տեղակայման ժամկետը, Անկարան կրկին դիմել է ՆԱՏՕ-ին՝ ժամկետը ևս 1 տարով երկարաձգելու համար՝ պատճառաբանելով, թե Սիրիայից սպառնալիքը դեռ պահպանվում է։
Բացի ՆԱՏՕ-ի համապատասխան որոշումից, ՀՕՊ կայանների տեղակայումը երկարաձգելու թույլտվություն էին տվել նաև դրանք տրամադրած պետությունները, այսինքն՝ Գերմանիան, ԱՄՆ-ն և Նիդեռլանդները։
Նշենք, որ Թուրքիան ներկայում չունի մեծ հեռահարության հակաօդային և հակահրթիռային պաշտպանության սեփական համակարգը, ինչի համար էլ փորձում է մրցույթի միջոցով հարմար տարբերակ գտնել։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. օգոստոսի 24-30 | Ռազմ.info
Pingback: Թուրքիայում հոլանդական Patriot-ները կարող են փոխարինվել իսպանականով | Ռազմ.info