ՌԴ զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ սկսել են համալրվել հակաօդային պաշտպանության «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրով։ Նոր զինատեսակն առաջինը ստացել են զինված ուժերի Արևելյան ռազմական օկրուգի օդադեսանտային և մոտոհրաձգային զորքերը։ Այս մասին գրում է ռուսաստանյան «Վզգլյադ» օնլայն պարբերականը՝ հղում անելով դյուրակիր ԶՀՀ-ն արտադրող կոնստրուկտորական բյուրոյի իր աղբյուրներին։
Նախագծողների հավաստմամբ, «Վերբա» (ռուս.՝ ПЗРК Верба) դյուրակիր ԶՀՀ-ն իր մարտավարատեխնիկական տվյալներով զգալիորեն գերազանցում է ինչպես հայրենական, այնպես էլ արևմտյան արտադրության մի շարք համալիրների։
Որպես առավելություն նշվում է ճառագայթման ցածր աստիճան ունեցող թռչող սարքերի խոցման բարձր հավանականությունը։ Դրանց թվում են նաև անօդաչու թռչող սարքերը, որոնք բավական դժվար է ոչ միայն հայտնաբերելն, այլև խոցելը։ Դյուրակիր այս ԶՀՀ-ի հրթիռն օժտված է նշանառման եռասպեկտր գլխիկով, ինչի արդյունքում էականորեն աճել է համալիրի արդյունավետությունը։ Համեմատության համար նշենք, որ լայն տարածում ունեցող «Իգլա» դյուրակիր ԶՀՀ-ի նորագույն «Ս» մոդֆիկացիայի հրթիռի գլխիկը երկսպեկտր է։
Ռուսաստանյան նախագծման 9Կ333 «Վերբա» դյուրակիր ԶՀՀ-ն օդային թիրախները կարող է խոցել մինչև 4 500 մետր բարձրության և 500-ից 6 500 մետր հեռավորության վրա։ Համալիրն օժտված է ավտոմատացված նոր համակարգով, շնորհիվ որի մարդկային գործոնը հասցված է նվազագույնի։ Ներդրված է նաև համակարգ, որը բացառում է անզգուշության հետևանքով սեփական օդուժի թռչող սարքերի խոցումը։ Այս համակարգի աշխատանքի սկզբունքի վերաբերյալ այլ մանրամասներ արտադրողը չի հաղորդում։