Գերմանական ընկերությունը զրահատեխնիկայի արտադրություն է հիմնելու Ալժիրում

Գերմանական Rheinmetall ռազմարդյունաբերական ընկերությունն Ալժիրում սեփական զրահատեխնիկան արտադրելու թույլտվություն է ստացել Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունից, հայտնում է Defense News պարբերականը:

Թույլտվության համաձայն՝ գերմանական ընկերությունը Ալժիրի իշխանությունների հետ պայմանավորվածությամբ աֆրիկյան երկրի տարածքում կառուցելու է սեփական գործարանը, որտեղ արտադրելու է Ֆուքս (գերմ.՝ TPz 1 Fuchs) զրահափոխադրիչներ: Գործարանի կառուցումը գերմանական ընկերության համար կարժենա մոտ 37 մլն ամերիկյան դոլար, իսկ ահա զրահափոխադրիչների իրացման հոգսը կթեթևանա այն բանի շնորհիվ, որ Ալժիրի զինված ուժերը մտադիր է մոտ 1000 միավոր նման զրահափոխադրիչ գնել:

Գերմանական Fuchs զրահափոխադրիչ

Գերմանական Fuchs զրահափոխադրիչ

Պետք է նշել, որ գործարանի կառուցման համար բանակցություններն ընթացքի մեջ էին դեռևս 2008-ից, սակայն անընդհատ ձգձգվում էին: Հետագայում՝ 2011-ին, Ալժիրն այս մեքենաների 54-միավորանոց խմբաքանակ էր գնել գերմանական ընկերությունից ու մտադիր էր զինված ուժերում այս մեքենաների թիվը հասցնել 1200 միավորի: Ներկայում էլ ալժիրցիները պատրաստվում են մոտ 1000 զրահափոխադրիչ գնել: Հավանական գործարքի գումարը գնահատվում է մոտ 1 մլրդ ամերիկյան դոլար:

Ավելացնենք, որ գերմանական Rheinmetall ընկերության Ֆուքս (TPz 1 Fuchs) զրահափոխադրիչը նախատեսված է մոտոհրաձգային ստորաբաժանումներին մարտական կիրառման վայրեր տեղափոխելու ու կրակով օժանդակելու համար: Մեքենան ունի 18 տոննա զանգված, լողացող է, 6×6 անիվային ընթացամասով զարգացնում է մինչև 105 կմ/ժ արագություն:

Զրահափոխադրիչը զինված է 4 միավոր 7,62 մմ գնդացիրներով, ինչպես նաև հակատանկային կառավարվող հրթիռներով: Անձնակազմը 2 հոգի է, տեղափոխվող դեսանտը՝ 8 զինծառայող: Հիմնականում կիրառվում է Գերմանիայի, ԱՄՆ-ի, Քուվեյթի ու Ալժիրի զինված ուժերում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *