Ադրբեջանի ՊՆ արկածախնդիր ղեկավարության կազմը մտահոգիչ է. Մովսես Հակոբյան (վիդեո)

2014-ի օգոստոսի 22-24-ը Ռազմինֆոն այցելել էր Արցախ՝ հանդիպում ունենալով նաև Պաշտպանության բանակի հրամամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ։

 Պաշտպանության բանակի հրամամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյան

Պաշտպանության բանակի հրամամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյան

Ռազմինֆոյի այն հարցին, թե որպես Արցախյան պատերազմի մասնակից և ՊԲ ներկայիս հրամանատար՝ ինչ տեսակետ ունի Մովսես Հակոբյանը հայ գերի Կարեն Պետրոսյանի նկատմամբ անհարկի վերաբերմունք թույլ տված, Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովի պահվածքի, 2013-ի հոկտեմբերից Ադրբեջանի պաշտպանության նախարար նշանակված Զաքիր Հասանովի և Ադրբեջանի ԶՈւ հրամանատարական կազմի մասին, ՊԲ հրամանատարը պատասխանել է.

-Ես երբեք չեմ թերագնահատել հակառակորդին, ինձ պատիվ է ընձեռնվել շատ արժանի հակառակորդի հետ կռվել, որոնք պաշտպանել են իրենց հայրենիքն ու իրենց զինվորական պարտականությունը կատարել պատշաՃ կերպով։ Ուստի ես հարգանքով եմ վերաբերում նման անձանց։ Ռովշան Աքփերովն այդ մարդկանց դասին չի պատկանում։ Հայտնի լրագրող Ալեքսանդր Նևզորովի կադրերում կա, թե ինչպես է Աքփերովն Արցախյան պատերազմի տարիներին փախչում մարտի դաշտից։ Մեր դասակի վատագույն հրամանատարն անգամ գերու հետ այդպես չի վերաբերի։ Մենք մարդ հոշոտող չենք դաստիարակում, մենք դաստիարակում ենք հայրենիքի պաշտպան, որը կկարողանա իր մարդկային կերպարը ցանկացած դեպքում պահել։ Առհասարակ, Ադրբջանի ՊՆ ղեկավար կազմը ևս մտահոգիչ է։ Նոր նախարար Զաքիր Հասանովն Արցախյան պատերազմին չի մասնակցել, եղել է Ղազախստանում, ապա՝ զինկոմիսարիատում, այնուհետև վերադարձել է, ծառայել սահմանապահ զորքերում, ապա նշանակվել ներքին զորքերի հրամանատր, 2013-ին՝ պաշտպանության նախարար։ Ինձ համար մտահոգիչ է փորձ չունեցող նման ղեկավարի գոյությունն Ադրբեջանում, քանի որ նա պատկերացում չունի, թե պատերազմն ինչ է։ Նման մարդկանց ղեկավար նշանակելը մեզ համար էլ է վտանգավոր, քանի որ նրանք կարող են իրենց անկանխատեսելի քայլեր և արկածախնդրություն թույլ տալ հայկական կողմի նկատմամբ։ Զաքիր Հասանովի կատարած կադրային փոփոխություններն էլ անհասկանալի են ու մտահոգող, երբ օրինակ ոստիկանության աշխատակիցը ղեկավար պաշտոնի է նշանակվում զինված ուժերում։ Որպես զինվորական՝  ես չեմ հասկանում նրա նշանակումների տրամաբանությունը։ Մեզ մոտ հակառակ պատկերն է, մեզ մոտ բարձր պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ է մեծ փորձ ու անցած երկար ճանապարհ. մինչև տարբեր պաշտոններ քո մաշկի վրա չզգաս, չես կարող քո ենթակաների համար ճիշտ որոշում կայացնել։ Առաջնագծում վերջին շրջանի լարվածությունը ևս մեկ անգամ փաստեց, որ Ադրբեջանի ՊՆ ղեկավարությունն արկածախնդրությունների է ունակ և ցանկանում է սրել իրավիճակը։

Այցելությունն Արցախ կազմակերպել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ։

One response to “Ադրբեջանի ՊՆ արկածախնդիր ղեկավարության կազմը մտահոգիչ է. Մովսես Հակոբյան (վիդեո)

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. օգոստոսի 24-30 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *