Գերմանիան PKK-ին զենք չի մատակարարի. Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեղի հեռուստաալիքներից մեկի եթերում հայտնել է, որ Բեռլինը չի պատրաստվում զինել «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը» (PKK)՝ «Իսլամական պետության» (նախկինում՝ Իրաքի և Ասորիքի իսլամական պետություն) դեմ պայքարի համար։

Գերմանիայից եկող այն տեղեկությունները, թե այդ երկիրը պատրաստվում է զենք տրամադրել քրդերին, Թուրքիայում դժգոհությամբ էր ընդունվել։ Թուրքական կողմին անհանգստացնում էր հատկապես PKK-ականների հնարավոր զինումը գերմանացիների կողմից։

Մերկելը, սակայն, նշել էր որ PKK-ն, որը Գերմանիայում ներառված է ահաբեկչական կազմակերպությունների շարքում, չի մտնում այն ցանկի մեջ, որում ներառվածներին գերմանական կողմը կարող է զենք մատակակարել։

Մերկելը նաև շեշտել է, որ զենքի հնարավոր տրամադրումն այս կամ այն խմբին համաձայնեցվելու է Բաղդադի կենտրոնական իշխանությունների հետ։

Նշենք, որ Սիրիայում, ապա հունիսի կեսերին Իրաքում ռազմական հաջողություններ գրանցած ԻՊ-ն անհանգստացրել է նաև ԱՄՆ-ին և Եվրոպային։ Ամերիկյան կողմն արդեն մի քանի ավիահարված է հասցրել իսլամիստ զինյալներին, իսկ եվրոպական մի քանի երկրներ մտածում են ԻՊ-ի դեմ պայքարող ուժերին, այդ թվում՝ քրդերին, զինելու մասին։

Ավելի վաղ Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է արտահանման արտոնագրեր տրամադրել տեղական այն ընկերություններին, որոնք հրազեն և զինամթերք կմատակարարեն Իրաքյան Քրդստանի կառավարությանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *