Իրանը հայտնում է իսրայելական անօդաչու ոչնչացնելու մասին

Իրանական աղբյուրների համաձայն՝ Իրանի իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի հետախուզական ստորաբաժանումներն օրերս խոցել են Իսրայելին պատկանող անօդաչու թռչող սարք, որը թռիչքներ կատարելիս է եղել Իրանի Նատանց միջուկային օբյեկտի շրջակայքում:

Ինչպես հաղորդում է իրանական Al Alam հեռուստաընկերությունը, անօդաչուն խփվել է մեկ հրթիռի արձակմամբ հենց այն ժամանակ, երբ մոտեցել է Նատանցում ուրանի հարստացման գործարանին: Իրանը չի հաղորդում, թե կոնկրետ ինչ անօդաչու է եղել, սակայն նշում է՝ ԱԹՍ-ն ռադարների համար քիչ տեսանելի տիպին է պատկանում:

Իրանի իսլամական հեղափոխության կորպուսի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ ԱԹՍ-ի ոչնչացման այս միջադեպը հերթական անգամ վկայում է իսրայելական կողմի «ագրեսիվ էության մասին»՝ միաժամանակ փաստում, որ Իրանի զինուժը պատրաստ է ցանկացած պահի պաշտպանել իր երկրի ծովային, ցամաքային ու օդային սահմանները, քանի որ «մարտական բարձր պատրաստվածություն ունի»:

Իսրայելական կողմն այս պահի դրությամբ մեկնաբանություններով հանդես չի եկել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *