Իսրայելից 16 ընկերություն մասնակցելու է Բաքվում կայանալիք ռազմարդյունաբերական ցուցահանդեսին

2014-ի սեպտեմբերի 11-13-ն Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալու է ADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսը, որին պաշտոնապես իրենց մասնակցությունն են հաստատել իսրայելական 16 ընկերություններ՝ Իսրայելի պաշտպանության նախարարության կից Միջազգային պաշտպանական համագործակցության գործակալության (SİBAT) գլխավորությամբ։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, Իսրայելը ներկայացնելու են Elbit Systems, IMI, İAİ, IWI, Rafael, Aeronautics, Visionmap, ATL-Atlantic Technologies, Camero-Tech, DSIT, Fibrotex Tech, İspra LTD, Plasan,, Meprolight, Ness Technologies ընկերությունները։ Ըստ աղբյուրի՝ սույն ընկերություններն իրենց հերթին ներկայացնելու են ավիացիոն համակարգեր, անօդաչու թռչող սարքեր, ՀՕՊ համակարգեր, քողարկման միջոցներ, էլեկտրաօպտիկական համակարգեր, պաշտպանական միջոցներ, սենսորներ, ռազմածովային նշանակության սպառազինություն և այլն։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը նշված իսրայելական ընկերութուններից մի քանիսի հետ ակտիվորեն համագործակցում է։

Մասնավորապես, ըստ Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIRPI) տվյալների՝ Ադրբեջանն իսրայելական Elbit Systems-Ից պատվիրել է 10 միավոր Hermes 450 դեռևս 2008-ին: 2012-ի դրությամբ, ըստ նույն աղբյուրի, Ադրբեջանն ուներ 12 միավոր այդպիսի անօդաչուներից: Ադրբեջանն իսրայելական Aeronautics Defense Systems-ից 2007-ին պատվիրել է 4 միավոր Aerostar ԱԹՍ, ստացել դրանք 2008-ին, ապա 2011-2012-ին Իսրայելի հետ համատեղ Ադրբեջանի տարածքում արտադրվել է ևս 10 միավոր Aerostar:

Հայտնի է, որ 2011-ի մարտին Ադրբեջանում մեկնարկել է այս տիպի անօդաչուների արտադրությունն Իսրայելի հետ համատեղ: Արտադրված օրինակների ստույգ թիվը հայտնի չէ:

Իսկ IAI իսրայելական ընկրերությունն Ադրբեջանին տրամադրել է Searcher II անօդաչուներ։

One response to “Իսրայելից 16 ընկերություն մասնակցելու է Բաքվում կայանալիք ռազմարդյունաբերական ցուցահանդեսին

  1. Pingback: Իլհամ Ալիևն ընդունել է Իսրայելի պաշտպանության նախարարին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *