Եմենը ծրագրում է ԱՄՆ-ից գնել ScanEagle կոմպակտ անօդաչու թռչող սարքեր։ Կնքվելիք պայմանագիրը ենթադրելու է նաև պահեստամասերի տրամադրում, մասնագետների վերապատրաստում և տեխնիկական աջակցություն 12 ամիս ժամկետում կամ 3600 ժամ թռիչքի պայմաններում։
Ինչպես հաղորդում է Defense-Aerospace պարբերականը, պայմանագրով թերևս նախատեսված է լինելու Եմենին տրամադրել ScanEagle մեկ համալիր, որը կազմված է լինելու 9 միավոր ԱԹՍ-ից՝ օպտիկական-էլեկտրոնային սարքավորումներով և ևս 3 միավոր ԱԹՍ-ից՝ ինֆրակարմիր սարքավորումների համակարգով։ Այլ մանրամասներ հայտնի չեն։
Հավելենք, որ ScanEagle անօդաչուն ստեղծել է ամերիկյան Boeing ընկերության դուստր ընկերությունը։ ԱԹՍ-ի զանգվածը տատանվում է 14-18 կգ սահմաններում, այն կարող է կրել մինչև 3.4 կգ օգտակար բեռնվածություն, ունակ է բացել մինչև 148 կմ/ժ արագություն, թռիչքի առաստաղը 5950 մ է, կարող է օդում մնալ մինչև 24 ժամ։ Այս անօդաչուն շահագործվում է ավելի քան 12 երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Սինգապուրում ու Մալայզիայում։ Ընդ որում, իրանական կողմը հայտարարել էր՝ իրենց հաջողվել է որսալ ամերիկյան զինուժին պատկանող ScanEagle, որի հիմքի վրա իրանցի մասնագետները ստեղծել են համանման տեխնիկական տվյալներով սեփական անօդաչուն։