Բուլղարիան շուրջ 680 միլիոն դոլար կհատկացնի սպառազինության արդիականացմանը

Բուլղարիայի պաշտպանության նախարար Վելիզար Շալամանովը 2014-ի օգոստոսի 18-ին հայտարարել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը մտադիր է շուրջ 680 միլիոն ամերիկյան դոլար ուղղել զինված ուժերում առկա սպառազինության մի շարք տեսակների արդիականացմանն ու հավելել, որ դրա հետ զուգահեռ արվելու է նաև հնարավորինը՝ մինչև 2020-ը ռազմատեխնիկական համագործակցության հարցերում կախվածությունը ՌԴ-ից նվազագույնին հասցնելու համար։ Այս մասին հայտնում է DefenseNews ռազմական լրատվակայքը։

ՄիԳ-29 կործանիչ. Բուլղարիայի ՌՕՈւ

ՄիԳ-29 կործանիչ. Բուլղարիայի ՌՕՈւ

Պաշտպանության նախարարը տեղեկացրել է նաև, որ միջոցների զգալի մասն ուղղվելու է նոր կործանիչների գնմանը, որոնք փոխարինելու կգան ներկայումս ռազմաօդային ուժերում շահագործվող ՄիԳ-21, ՄիԳ-29 կործանիչներին և Սու-25 գրոհիչներին։

Բուլղարիայի պաշտպանական գերատեսչությունը նախատեսում է նաև ռազմածովային ուժերի շարքերի համալրում նոր միջոցներով։ Շալամանովը չի հստակեցրել, թե ինչ տեսակի և քանակի ռազմանավեր կամ տեխնիկա է նախատեսվում գնել, սակայն խոստովանել է, որ նավատորմի կազմում բավական մեծ է սուզանավի կարիքը։ Նշենք, որ Բուլղարիան իր միակ սուզանավն իրեն սպառած լինելու պատճառով, 2011-ին հարկադրված էր դարձնել թանգարանային նմուշ։

Վելիզար Շալամանովն, ով Բուլղարիայի պաշտպանության նախարարի պաշտոնում է նշանակվել 2014-ի օգոստոսի 6-ին, հայտարարել է նաև՝ մեծ ջանքեր է գործադրելու պաշտպանական ոլորտի համար տարեկան հատկացվող գումարի չափը երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2 տոկոսին համարժեք դարձնելու ուղղությամբ, մինչդեռ ներկայումս այդ ցուցանիշը 1.3 տոկոս է։ Նշենք, որ ՆԱՏՕ-ն իր անդամ երկրներին բանակի ծախսերի համար հորդորում է հատկացնել ՀՆԱ-ի հենց 2 տոկոսը։

Հավելենք նաև, որ ներկայումս Բուլղարիայի ռազմաօդային ուժերի կազմում առկա է 12 միավոր ՄիԳ-21, 15 միավոր ՄիԳ-29 կործանիչ և 14 միավոր Սու-25 գրոհիչ։ Ռազմածովային ուժերի կազմում առկա է ընդհանուր թվով 15 ռազմանավ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *