Հնդկաստանը «սև ցուցակից» հանել է հարավաֆրիկյան Denel ընկերությանը

Հնդկաստանը հանել է հարավաֆրիկյան ռազմարդյունաբերական Denel ընկերության մեղադրանքն ու դուրս բերել այն ռազմական արտադրանքի գնումների «սև ցուցակից», ինչի արդյունքում ընկերությունը նորից կարող է սպառազինություն մատակարարել Հնդկաստանի զինված ուժերին, հայտնում է DefenseNews պարբերականը:

Ընկերությունը Հնդկաստանի սպառազինության գնումների «սև ցուցակում» էր հայտնվել դեռևս 2005-ին, երբ հնդկական կողմը մեղադրել էր նրան զենքի մատակարարման պայմանագիր ստանալու նպատակով հնդիկ պաշտոնյաներին կաշառելու մեջ: Մեղադրանքի մեջ նշվում էր, որ սեփական արտադրության 1000 միավոր NTW-20 մեծ տրամաչափի՝ 20 մմ, ինքնաձիգների ու դրանց 400 հազար փամփուշտների վաճառքի պայմանագրի համար հավանություն ստանալու համար ընկերությունը գումար էր խոստացել պաշտոնյաներին:

Հարավաֆրիկյան Denel ընկերության NTW20 խոշոր տրամաչափի հրացան

Հարավաֆրիկյան Denel ընկերության NTW20 խոշոր տրամաչափի հրացան

Արդյունքում կնքված պայմանագրով 1000 միավոր հրացաններից 700-ը տրամադրելու էր ընկերությունը, իսկ մնացած 300 միավորը Denel-ի արտոնագրով արտադրվելու էր Հնդկաստանում: Բացի այդ՝ ընկերությունը մասնակցում էր նաև 155 մմ տրամաչափի հաուբիցների մատակարարման մրցույթին, որից նույնպես դուրս մնաց մեղադրանքի պատճառով: Սակայն մինչ «սև ցուցակում» հայտնվելն ընկերությունը հասցրել էր մատակարարել միայն 400 հրացան:

Ներկայում Հնդկաստանը անմեղ է ճանաչել ընկերությանն ու հանել մեղադրանքը՝ վերականգնելով սպառազինության մատակարարման մրցույթներին մասնակցելու նրա իրավունքը:

Ավելացնենք, որ տարբեր տարիների Հնդկաստանի «սև ցուցակում» հայտնվել էին նաև մի խումբ այլ արտադրողներ, որոնք, հնդկական կողմի պնդմամբ, անօրինական ճանապարհներով փորձել էին հաղթել Հնդկաստանի հայտարարած սպառազինության գնման մրցույթներում:

Վերջիններս մերժել էին այս մեղադրանքներն ու պնդում էին, որ անօրինական քայլերի չեն դիմել։ Սակայն արդյունքում Հնդկաստանն այս ընկերությունները մտցրել էր «սև ցուցակ» ու հրաժարվում էր նրանցից ռազմական նշանակության արտադրանք գնել։

Հետագայում Հնդկաստանի կառավարությունը որոշեց կասեցնել «սև ցուցակի» գործողությունը ու վերականգնել այդ ընկերությունների հետ համագործակցությունը ու նրանց իրավունքները սպառազինության մատակարարման մրցույթներում, քանի դեռ Կենտրոնական հետախուզական բյուրոն չի ապացուցել այդ ընկերությունների մեղավորությունը: Միաժամանակ պայմանագրերի կատարումը վերականգնելու նպատակով Հնդկաստանի կառավարությունը պաշտպանության նախարարությունից խնդրել էր տրամադրել կիսատ մնացած պայմանագրերի մասին տեղեկությունները:

Նշենք, որ համաշխարհային զենք արտադրող ընկերությունների վրա դրված արգելանքները վատ էին ազդել Հնդկաստանի զինված ուժերի մարտունակության վրա, Հնդկաստանը չէր կարողանում ձեռք բերել անհրաժեշտ քանակի արկեր, ինչպես նաև խնդիրներ ուներ ինքնագնաց հաուբիցների գնման հարցում, մասնավորապես՝ Հնդկաստանն արդեն 5 անգամ 155 մմ/52 տրամաչափի հաուբիցների գնման մրցույթ է հայտարարել, սակայն առաջարկված տարբերակները չեն գոհացրել Հնդկաստանին, որովհետև մրցույթին դիմել են խիստ սահմանափակ թվով մասնակիցներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *