Բանակը համալրվում է պրոֆեսիոնալ սերժանտական կազմով: Աշոտ Երկաթի խաչի կրկնօրինակը տեղադրվել է ՊՆ-ում

Մայիսի 18-ին ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում տեղի է ունեցել պրոֆեսիոնալ սերժանտական կազմի հերթական հոսքի թողարկման հանդիսավոր արարողությունը: Սերժանտներին ավարտական վկայականները հանձնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Շնորհավորելով  երիտասարդ սերժանտներին` ՀՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ զորամասերում իրենց ներկայությամբ և ստացած գիտելիքներով նրանք կնպաստեն հայոց բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը և կարգապահության բարձրացմանը:

Նույն օրը՝ ՀՀ ՊՆ վարչական համալիրում, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ, տեղի է ունեցել Աշոտ Երկաթ թագավորի պատմական սուրբ խաչի կրկնօրինակի տեղադրման և օրհնության կարգը, որին ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Զինված ուժերի ղեկավար կազմը, սպաներ և հոգևորականներ:

Իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համոզմունք է հայտնել, որ խաչի տեղադրումը բեկումնային նշանակություն կունենա Զինված ուժերի մարտունակության բարձրացման համար` ընդգծելով, որ հանդիսավոր արարողությունը խորհրդանշական է նաև այն առումով, որ 2012թ. առաջին կիսամյակն ազգային բանակն ամփոփում է արձանագրած բազմաթիվ հաջողություններով և ձեռքբերումներով, որոնք, անշուշտ, կբազմապատկվեն:

Նշենք նաև, որ ս.թ. հունվարի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ Պատարագ, որի ընթացքում հրապարակվել է Հայրապետական Սրբատառ կոնդակ Հայոց Բանակի 20-ամյա հոբելյանի առիթով: Սրբազան արարողության ավարտին Վեհափառ Հայրապետը կատարել է Մայր Աթոռում պահվող Աշոտ Երկաթ թագավորի պատմական սուրբ խաչի կրկնօրինակի օծումը, որից հետո այն հանձնվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը և ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը: ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ և առաջնորդությամբ Աշոտ Երկաթ թագավորի խաչը պտույտ է կատարել ազգային բանակի մարտական դիրքերով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *