Փոփոխություններ Ադրբեջանի նախաբանակային պատրաստության համակարգում

Ադրբեջանի «Ռազմահայրենասիրական սպորտատեխնիկական կամավոր կազմակերպություն» (ՌՀՍԿԿ, նախկին՝ ДОСААФ) հասարակական կազմակերպությունը և Մոբիլիզացիայի և զորակոչի հարցերով պետական ծառայությունը միավորվում են:

Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ առաջիկայում ՌՀՍԿԿ-ն կանցնի Մոբիլիզացիայի և զորակոչի հարցերով պետական ծառայությանը ենթակայության տակ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ ՌՀՍԿԿ նախագահ գեներալ-մայոր Նովրուզալի Օրուջևն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Մոբիլիզացիայի և զորակոչի հարցերով պետական ծառայության ղեկավարի տեղակալ:

Դեռ փետրվարին Razm.info-ն տեղեկացրել էր, որ Ադրբեջանում փակվում են բոլոր տեսակի զինկոմիսարիատները և, համաձայն Ադրբեջանի նախագահի հրամանագրին, զորակոչի և զորահավաքի հարցերով զբաղվելու էր նոր պետական կառույցը, որը չէր ենթարկվելու պաշտպանության նախարարությանը: Կառույցը ղեկավարելու էր Արզու Ռագիմովը, ով նախկինում ղեկավարել է Պետական միգրացիոն ծառայությունը:

Հատկանշական է, որ Նովրուզալի Օրուջևը ՌՀՍԿԿ նախագահի պաշտոնում աչքի է ընկել բազմաթիվ նախաձեռնություններով, որոնք լայնորեն լուսաբանվել են ադրբեջանական լրատվամիջոցներում, օրինակ՝ նախաբանակային տարիքի երիտասարդների համար կազմակերպել էր դիպուկահարների, գնդացրորդների, դեսանտայինների դասընթացներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *