Սիրիայից դուրս բերված քիմիական զենքի պաշարները լիովին ոչնչացված են ամերիկյան Cape Ray նավի վրա Միջերկրական ծովում։ ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը շնորհավորել է նավի անձնակազմին ու դրա ղեկավարին «կատարած աննախադեպ աշխատանքի համար»։
Ինչպես հաղորդում է Պենտագոնի պաշտոնական կայքը, Հեյգելը սիրիական քիմիական զենքի չեզոքացումը բնորոշել է որպես «համաշխարհային անվտանգության ապահովման գործում նշանակալից ներդրում»։
Բացի այդ, Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման գործընթացի ավարտը մեկնաբանել է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Նա գործողությանը աջակցելու համար շնորհակալություն է հայտնել Դանիային, Նորվեգիային, Իտալիային, Ֆինլանդիային, Գերմանիային ու Մեծ Բրիտանիային՝ հիշատակելով նաև ՌԴ-ի ու Չինաստանի դերը։ Օբաման շեշտել է՝ ԱՄՆ-ն հետևելու է, թե ինչպես է Սիրիան կատարելու ՄԱԿ-ի առջև ստանձնած հերթական պարտավորությունները՝ այդուհանդերձ կասկածներ հայտնելով, թե արդյոք ոչնչացված խմբաքանակը Սիրիայի ունեցած քիմիական զենքի ողջ պաշարներն են։
Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարությունը համաձայնություն էր տվել քիմիական զենքի իր պաշարների ոչնչացման հարցում, երբ 2013-ի օգոստոսին Դամասկոսի մերձակայքում խաղաղ բնակիչների դեմ ենթադրաբար քիմիական զենք էր կիրառվել ու մեղադրանքներ էին հնչել իշխանությունների դեմ: Դրանք հարմար առիթ էին դարձել Արևմուտքի համար Սիրիայի դեմ ռազմական գործողություններ ծավալելու շրջանակներում: Համանման զարգացումներից խուսափելու նպատակով՝ Սիրիայի կառավարությունը թույլատրել էր ՄԱԿ-ի փորձագետների մուտքն ու հետազոտություններն իր տարածքում՝ միաժամանակ քիմիական զենքի օգտագործման մեղադրանքներ հղելով Բաշար Ասադի դեմ պայքարող զինյալների խմբավորումներին:
2013-ի հոկտեմբերի 14-ին Սիրիան անդամակցեց քիմիական զենքի կիրառումն արգելող Կոնվենցիային, որին հետևեց երկրի տարածքում առկա քիմիական զենքի պաշարների հայտարարագրումը։ Համաձայն այդ տվյալների՝ Սիրիան ուներ շուրջ 1300 տոննա քիմիական զենք, որի մի մասն արդեն ոչնչացվել է։
Հավելենք, որ Սիրիայում քիմիական զենքի պաշարների դուրսբերման գործընթացը մեկնարկել էր 2014-ի հունվարի 8-ին։ Սիրիայի երկու պահեստների քիմիական զենքը բերվել էր Լաթաքիայի նավահանգիստ, ապա տեղափոխվել դանիական նավի վրա։ Նավին ուղեկցել էին Դանիայի, Նորվեգիայի ու Սիրիայի ռազմածովային պահակախմբերը։