Թուրքիայի քրդաբնակ Հաքքարի նահանգի նահանգային խորհուրդը մեղադրել է Ադրբեջանին Իրաքում և Սիրիայում գործունեություն ծավալող «Իսլամական պետություն» (նախկին՝ «Իրաքի և Ասորիքի իսլամական պետություն») իսլամիստական խմբավորմանն աջակցելու և սեփական շահերին ծառայեցնելու համար։
Ինչպես հաղորդում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը, Հաքքարիի նահանգային խորհրդի նախագահ Լոքման Օզդեմիրի խոսքերով՝ ԱՄՆ-ի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի, Սաուդյան Արաբիայի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Չեչնիայի ձեռքում «Իսլամական պետություն»-ը վերածվել է քրդերին ոչնչացնելու միտված զենքի, որն էլ նշված պետություններն ակտիվորեն գործարկում են։
Քրդերը մեղադրում են նաև Թուրքիայի իշխանություններին իսլամիստների դեպ որևէ քայլ չձեռնարկելու համար։ Ավելին, Օզդեմիրի վկայությամբ՝ իսլամիստներին զենք-զինամթերք են մատակարարում հենց Թուրքիայի տարածքով։
Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորումը 2014-ի հունիսի սկզբին սկսել էր Իրաքի հյուսիսային ու արևմտյան հատվածների խոշոր քաղաքների գրավման գործընթացը։ Նրանց հաջողվել էր հանկարծակի գրոհների արդյունքում իրենց վերահսկողության տակ վերցնել մի քանի քաղաքներ. հունիսի 10-ին նրանք գրավել էին Մոսուլը, ապա՝ հունիսի 11-ին՝ Տիգրիտը, մի քանի օր անց մոտեցել էին մայրաքաղաք Բաղդադին։
Օգոստոսի 3-ին իսլամիստ զինյալները գրավել էին 2 խոշոր նավթահանքեր։ Օգոստոսի սկզբից ամերիկյան զինվորականներն օգնության են հասել իսլամիստների դեմ պայքարում՝ մինչ օրս առնվազն 3 անգամ օդային հարվածներ հասցնելով իսլամիստների պատսպարաններին։
Նշենք նաև, որ օգոստոսի 15-ին ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել, որի համաձայն պատժամիջոցներ են կիրառվելու Իրաքում ու Սիրիայում մարտնչող «Իսլամական պետություն» և «Ալ Նուսրայի ճակատ» իսլամիստական խմբավորումների անդամների և նրանց հետ առնչություն ունեցողների դեմ։ Այդ ցուցակում դեռևս ընդգրկված են 6 հոգի։
Նկատենք, որ ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրները 2014-ի հունիսին տեղեկություններ էին տարածել Ադրբեջանի քաղաքացիների՝ Իրաք մեկնելու և իսլամիստական խմբավորումներին անդամագրվելու մասին։
Մասնավորապես, Haqqin.az կայքի աղբյուրներով՝ Ադրբեջանից Իրաք կռվելու են մեկնել առնվազն 10 քաղաքացիներ:Բացի այդ, Իրաքում իսլամիստների ակտիվացման հետ մեկտեղ Ադրբեջանում ուժայինները սկսել են մասշտաբային գաղտնի գործողություններ նախապատրաստել սալաֆիականների ու վահաբականների համայնքների դեմ: Ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն 2014-ի հուլիսին տեղեկություններ են շրջանառում Իրաքի տարածքում «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման շարքերում մարտնչող ադրբեջանցու՝ Իրաքում մարտերի ընթացքում սպանվելու մասին։