ԱՄՆ-ն հրաժարվել է Ադրբեջանին վաճառել Աֆղանստանից դուրս բերված ռազմական տեխնիկան

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն մերժել է Ադրբեջանի հայցը Cougar և HMMWV ամենագնացների գնման առնչությամբ։ Դրանք դուրս էին բերվել Աֆղանստանի խաղաղապահ ուժերի գործածությունից։

HMMWV ամենագնաց

HMMWV ամենագնաց

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, ակնկալվում էր, որ այս ամենագնացները կհամալրեն Աֆղանստանում Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահների բրիգադի գույքը, սակայն ադրբեջանական կողմի ծրագրերն իրականություն չեն դարձել։ Պատճառը, ըստ ԱՊԱ-ի, Վաշինգթոնի՝ Արցախյան հակամարտության կողմերին սպառազինություն վաճառելու էմբարգոն է (արգելք)։

Նկատենք, որ 2013-ին հայտարարվել էր՝ Աֆղանստանից դուրս բերված խաղաղապահ զորքերին պատկանող ռազմական տեխնիկայի գերակշիռ մասն աճուրդի է դրվելու, նախապատվություն է տրվելու այն երկրներին, որոնք առավել ակտիվ խաղաղապահ առաքելություն են իրականացրել Աֆղանստանի տարածքում։

Նշենք, որ ադրբեջանական խաղաղապահ բրիգադը կիրառելու է Հարավաֆրիկյան Հանրապետության Paramount Group ընկերության տրամադրած մարտական հանգույցներով 2009-ից Ադրբեջանում հավաքվող Marauder և Matador զրահամեքենաներ, ինչպես նաև թուրքական արտադրության Kobra զրահամեքենա։

Ադրբեջանական աղբյուրը շեշտում է, որ ԱՄՆ-ն փոխարենը չի մերժել Վրաստանի հայցը՝ վրացական կողմին վերջին տարիներին անվարձահատույց տրամադրելով 10 միավոր Cougar և ավելի քան 100 միավոր HMMWV ամենագնացներ։

Հավելենք, որ ԱՄՆ-ն դուրսբերած զրահամեքենաների մի մասը տրամադրել է նաև Խորվաթիային ու Հունաստանին։ Այսպես, 2014-ի հուլիսին ավարտվել է 212 զրահափոխադրիչների անվարձահատույց փոխանցումը Խորվաթիայի զինված ուժերին, խորվաթական կողմը ստացել է տրամադրվող խմբաքանակի վերջին 162 միավոր զրահամեքենաները: ԱՄՆ-ն տրամադրել է դրանք առանց նորոգման: Խորվաթական կողմը, նախքան մեքենաները զինված ուժերին հանձնելը, կնորոգի դրանք:  Նման գործարք ԱՄՆ-ի հետ արդեն կնքել է Հունաստանը։ Պայմանագրով Հունաստանը որպես «նվեր» ստացել է M113A2 սերիայի մի քանի տեսակի 460 միավոր զրահամեքենաներ, որոնց տեղափոխման համար վճարել է 5.5 մլն ամերիկյան դոլար։

ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությունը պատրաստվում է դուրս գրել երկրի սպառազինության շուրջ 16 հազար միավոր MRAP տիպի զրահամեքենաների համարյա կեսը, ինչը հիմնավորում է դրանց պահպանման ու սպասարկման ծախսատար լինելով: Իսկ քանի որ տեխնիկայի տեղափոխումը Աֆղանստանից ԱՄՆ, ինչպես նաև դրանց հետագա նորոգումը շատ թանկ է արժենում զինված ուժերի վրա (ամեն միավոր մեքենայի ծախսը գնահատվում է 250-300 հազար ԱՄՆ դոլար), ամերիկյան կողմը որոշել է դրանք ցածր գնով վաճառել կամ նվիրել այլ երկրների, ընդ որում նման գործարքների դեպքում ընդունող երկիրը պիտի ինքը հոգա զրահամեքենաների տեղափոխման ծախսերը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինծառայողները ծառայություն են անցնում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) կազմում՝ սկսած 2002-ի նոյեմբերից։ Ներկայումս Ադրբեջանի ԶՈւ 94 զինծառայող պարեկություն է անում Աֆղանստանի թուրքական ռազմաճամբարում՝ հսկելով մայրաքաղաք Քաբուլի հեռուստաաշտարակը։

ՆԱՏՕ-ն ծրագրում է խաղաղապահ առաքելության ջոկատներին դուրս բերել Աֆղանստանից մինչև 2014-ի ավարտը։ Ադրբեջանի Միլլի մեջլիսի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի անդամ Զաքիր Օրուջը 2014-ի հունվարի 23-ին հաստատել էր, որ ՆԱՏՕ-ի հետ համաձայնության են եկել ադրբեջանցի խաղաղապահներին Աֆղանստանից դուրս չբերելու հարցում։

3 responses to “ԱՄՆ-ն հրաժարվել է Ադրբեջանին վաճառել Աֆղանստանից դուրս բերված ռազմական տեխնիկան

  1. Pingback: ԱՄՆ-ն հրաժարվել է Ադրբեջանին վաճառել Աֆղանստանից դուրս բերված ռազմական տեխնիկան Razm.info | Armday

  2. Pingback: ԱՄՆ ԶՈւ տրանսպորտային հրամանատարության ղեկավարն Ադրբեջանում է | Ռազմ.info

  3. Pingback: Ադրբեջանի ՊՆ-ն փորձում է ակտիվացնել ռազմական համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *