Oգոստոսի 7-ին ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը, որն անցել էր սահմանը, հայտնվել Ադրբեջանի Թովուզի շրջանում ու ձերբակալվել, մահացել էր օգոստոսի 8-ի առավոտյան՝ ադրբեջանական վարկածով իբր «սրտանոթայի անբավարարությունից»:
ԱՄՆ-ի պետքարտուղարության մամուլի ծառայությունը սույն փաստի առնչությամբ իր անհանգստությունն է հայտնել՝ նշելով. «ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Կարեն Պետորսայանի մահվան կապակցությամբ, որը, համաձայն բազմաթիվ մեղադրանքների՝ չի եղել բնական պատճառների արդյունք, և գրանցվել է այն ժամանակ, երբ Պետրոսյանը Ադրբեջանի վերահսկողության ներքո էր: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը լիարժեք և թափանցիկ հետաքննություն անցկացնել, որի ադրյունքների մասին հասարակությունն իրազեկված կլինի:
Հիշեցնում ենք Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին իրենց միջազգային իրավունքով սահմանված պարտականությունների մասին, հատկապես այն պարտականությունները, որոնք վերաբերում են գերիների նկատմամբ վերաբերմունքին:
Մենք կոչ ենք անում և Հայաստանի, և Ադրբեջանի կառավարություններին Կարմիր խաչի միջազգային կոմիտեին տրամադրել հանդիպման հնարավորությունը բոլոր այն մարդկանց հետ, որոնք ձերբակալվել կամ գերին ենք ընկել հակամարտությանը վերաբերող թեմաներով»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը լուսանկարներ ու տեսագրություն էր տարածել, որտեղ գերի ընկնելու օրը Կարեն Պետրոսյանին, ռազմական համազգեստ հագցրած, բռնի ուժով բերում էին Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովի մոտ՝ փորձելով ներկայացնել Չինարիի բնակչին՝ որպես «դիվերսանտ»։ Մինչդեռ Չինարիի գյուղապետը հայկական լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր, որ գերին իրենց համագյուղացի է, քաղաքացիական անձ է։ Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ իրենց հերթին տեսագրություն էին տարածել, որտեղ երևում էր, թե ինչպես է Կարեն Պետրոսյանը սահմանն անցնելուց հետո հայտնվել ադրբեջանական սահմանամերձ գյուղում, նստած զրուցում է տեղի բնակիչների հետ, անզեն է, ռազմական հանդերձանքի տարրեր չի կրում: