Հնդկաստանը կարող է 3 միավոր հեռավոր հայտնաբերման Ա-50 ինքնաթիռ գնել Ռուսաստանից

Հնդկաստանն առաջիկայում կարող է Ռուսաստանից ձեռք բերել 3 միավոր հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման Ա-50 ինքնաթիռ։ Հավանական նոր պատվերի դեպքում կմատակարարվեն հեռավոր հայտնաբերման Ա-50 ինքնաթիռներ՝ միևնույն բաղկացուցիչ համակարգերով, ինչը նախորդ գործարքի դեպքում՝ 2003-ին։ Այս մասին ռուսաստանյան «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հայտնել է ՌԴ կառավարությանն առընթեր ռազմարդյունաբերության հանձնաժողովի ներկայացուցիչներից մեկը։

Հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման Ա-50 ինքնաթիռ. Հնդկաստանի ՌՕՈւ

Հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման Ա-50 ինքնաթիռ. Հնդկաստանի ՌՕՈւ

Ինչպես նշվեց, ավելի վաղ՝ 2003-ին, Հնդկաստանը ՌԴ-ից գնել էր այս ինքնաթիռների 3 միավորանոց ևս մեկ խմբաքանակ, որոնց մատակարարումն ավարտվել է 2010-ին։

Նշենք, որ նախորդ գործարքի շրջանակներում, Ռուսաստանի և Հնդկաստանի միջև գնման պայմանագրից բացի ձեռք էր բերվել նաև պայմանավորվածություն՝ ինքնաթիռների հետագա տեխսպասարկումն ու անհրաժեշտության դեպքում նորոգումն իրականացնելու վերաբերյալ։ Իսկ դատելով նրանից, որ հնդկական կողմը նախաձեռնել է բանակցություններ նոր գործարքի շուրջ, կարելի է ենթադրել, որ Ա-50 ինքնաթիռները համապատասխանում են երկրի զինված ուժերի պահանջներին։

Հիշեցնենք, որ հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման 6 ինքնաթիռ գնելու մրցույթը Հնդկաստանը հայտարարել էր 2014-ի մարտի 11-ին։ Մասնակցության իրենց հայտերն էին շտապել ներկայացնել եվրոպական Airbus, ամերիկյան Boeing, բրազիլական Bombardier, ֆրանսիական Dassault, շվեդական Saab ընկերություններն ու ռուսաստանյան Միացյալ ավիաշինական կորպորացիան։

Իլ-76 (ռուս.՝ Ил-76) բեռնատար ինքնաթիռի հիման վրա ստեղծված հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման Ա-50 ինքնաթիռը նախատեսված է հակառակորդի ցամաքային, օդային և վերջրյա թիրախների, ինչպես նաև թևավոր ու բալիստիկ հրթիռների հայտնաբերման համար։ Կախված թիրախների տեսակից՝ Ա-50-ը դրանք կարող է տեսնել մինչև 800 կմ հեռավորության վրա։ Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռը կարող է ուղղորդել նաև սեփական զինուժի ավիացիայի թռիչքները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *