Չեխիան Իսրայելի հետ համատեղ մտադիր է արդիականացնել իր ՀՄՄ-ները

Չեխական Excalibur Army ընկերությունը իսրայելական Rafael-ի հետ համատեղ մտադիր է ստեղծել ԽՍՀՄ արտոնագրով Չեխոսլովակիայում արտադրված ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաների նոր արդիականացում: Այս մասին հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը:

Ընկերությունների նպատակը Չեխիայի զինված ուժերի սպառազինության մեջ եղած մոտ 200 նմանատիպ հետևակի մարտական մեքենաների արդիականացումն է, որը նրանք պատրաստվում են սկսել 2018-ին:

Արդիականացման արդյունքում ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենայի վրա նրա ունեցած սպառազինության փոխարեն կտեղադրվի հեռակառավարվող Remote Controlled Weapons Station (RCWS) մարտական հանգույց, որը կունենա 30 մմ-անոց ավտոմատ թնդանոթ, 7,62 մմ գնդացիր ու հավելյալ նշանառման սարքավորումներ:

ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենայի չեխ-սլովակական համատեղ Sakal արդիականացումը

ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենայի չեխ-սլովակական համատեղ Sakal արդիականացումը

Նշենք, որ չեխական կողմը սեփական ՀՄՄ-ները թարմացնելու փորձեր արել է նաև նախկինում: Այդ նպատակով Չեխիան ու Սլովակիան Բրատիսլավայում անցկացվող IDEB-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել էին ԲՄՊ-2 ՀՄՄ-ի նոր տարբերակ, որը ստացել էր Sakal (Սակալ) անվանումը: Նոր արդիականացման վրա ևս տեղադրվել էր նոր մարտական հանգույց, որը զինված էր 30 մմ թնդանոթով ու 7,62 մմ գնդացրով:

Հիշեցնենք, որ խորհրդային նախագծման ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաները արտանագրով արտադրվել են նաև նախկին Չեխոսլովակիայում (արտադրող գործարանը ներկայում Սլովակիայի Դետվա քաղաքում է): Չեխոսլովակյան տարբերակը ստացել է ԲՎՊ-2 անվանումն ու արտադրվել է 1984-1987 թվականների ընթացքում՝ ընդհանուր առմամբ՝ 344 միավոր:

Բազային ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենան նախատեսված է հետևակի՝ անմիջապես մարտի դաշտ տեղափոխելու ու մարտ վարելու համար: Այն նախագծվել է ԽՍՀՄ-ում ու արտադրվել ԽՍՀՄ-ում, վերը նշված Չեխոսլովակիայում ու Հնդկաստանում: Ռուսաստանում այն շարունակել է արտադրվել մինչև 2008 թվականը:

ՀՄՄ-ի բազային տարբերակը զինված է 30 մմ խորհրդային արտադրության զենիթային թնդանոթով, ինչպես նաև 7,62 մմ գնդացրով ու հակատանկային կառավարվող հրթիռներով: Մեքենայի անձնակազմը 3 հոգի է, դեսանտը՝ 7 հոգի: Մեքենան լողացող է, իսկ ցամաքում զարգացնում է մինչև 65 կմ/ժ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *