Ռուսաստանի տիեզերական ծրագրի 2016-2025 թվականների զարգացման փուլում նախատեսվում է հիմնել արբանյակային գաղտնի կապի նոր համակարգ։ Թեպետ նախագիծը դեռ ձևավորման վաղ փուլում է, այդուհանդերձ, նման մտադրություն կա և աշխատանքներն այս ուղղությամբ ընթացքում են։ Այս մասին ռուսաստանյան «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» լրատվական գործակալության հետ զրույցում նշել է «Սպուտնիկովայա սիստեմա Գոնեց» ընկերության նախագահ Դմիտրի Բականովը։
Պաշտպանության նախարարության կարիքների համար արբանյակային գաղտնի կապի նոր համակարգ ստեղծելու մտադրության մասին ավելի վաղ ևս ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնում էին։ Պետք է նշել, սակայն, որ դեռևս հայտնի չէ, թե կապի ինչ համակարգով աշխատող արբանյակների հիման վրա է կյանքի կոչվելու նախագիծը։
Ու չնայած դրան, հավանական թեկնածուներ այդուհանդերձ կան։ Համաձայն շրջանառվող կարծիքների, գաղտնի կապի նոր համակարգի համար որպես հիմք կարող է ծառայել արբանյակային կապի Գոնեց (ռուս.՝ Гонец) համակարգը։
Պետք է նշել նաև, որ թեպետ այս տարբերակը բխում է «Սպուտնիկովայա սիստեմա Գոնեց» ընկերության շահերից, այդուհանդերձ, դրա նախագահ Դմիտրի Բականովը չի կիսում այդ լավատեսությունը։ Նա նշում է, որ շատ ուրախ կլիներ իհարկե, եթե իրենք լինեին նոր նախագծի պատվերի կատարողները, սակայան քանի դեռ չկա կառավարության հստակ որոշումը, այս մասին խոսելը դեռևս վաղ է։
Արբանյակային «Գոնեց» համակարգը նախատեսված է ինչպես ձայնային կապի, այնպես էլ տարբեր բնույթի տվյալների՝ այդ թվում աշխարհագրական կոորդինատների փոխանցման համար։ Համակարգի արբանյակները բացազատված են երկրագնդից շուրջ 1400 կմ հեռավորության վրա։ «Գոնեց»-ը զգալի չափաբաժին ունի նաև ռուսաստանյան ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգի աշխատանքի պատճաշ ապահովման գործում։