Հայաստանը գրավեց 4-րդ տեղն ու անցավ եզրափակիչ. Տանկային բիաթլոն-2014

Օգոստոսի 14-ին տանկային բիաթլոնի մասնակից երկրների բոլոր տանկային անձնակազմերը մրցեցին սպորտային մրցումներում, որոնց ընթացքում ցույց տվեցին իրենց ֆիզիկական ուժն ու դիմացկունությունը: Սպորտային մրցումների արդյունքում 12 երկրներից Հայաստանը զբաղեցրեց 4-րդ տեղը: Առաջատարներն էին Չինաստանի, Ղազախստանի ու Ռուսաստանի տանկիստները:

Անձնակազմերի առանձին հաշվարկում Հայաստանի առաջին անձնակազմը զբաղեցրեց 11-րդ տեղը, երկրորդ անձնակազմը՝ 8-րդ տեղը, երրորդ անձնակազմը՝ 16-րդ տեղը: Լավագույն անձնակազմեր ճանաչվեցին Չինաստանի առաջին ու երրորդ, Ռուսաստանի երկրորդ անձնակազմերը:

Այսպիսով, Տանկային բիաթլոն-2014-ի բոլոր մրցույթների հանրագումարում Հայաստանը 12 երկրների շարքում գրավեց 4-րդ տեղը՝ անցնելով եզրափակիչ: Ռուսաստանի ու Ղազախստանի տանկիստները պահեցին իրենց համապատասխանաբար առաջին ու երկրորդ տեղերը, իսկ Չինաստանի տանկիստները վերջին փուլում առաջ անցան Բելառուսի, Հայաստանի ու Սերբիայի տանկիստներից ու գրավեցին 3-րդ տեղը:

Զբացեցրած 4-րդ հորիզոնականը Հայաստանի թիմին թույլ է տալիս մասնակցել Տանկային բիաթլոնի եզրափակիչ փուլին, որի ժամանակ էլ պարզ է դառնալու բիաթլոնի հաղթողը: Եզրափակիչ փուլում առաջին 4 տեղերը զբաղեցրած երկրների երեքական անձնակազմերը մրցելու են էստաֆետում. տվյալ երկրի տանկիստների երեք անձնակազմերը հերթականությամբ կատարելու են մեկական շրջան, որից հետո տանկը հանձնելու են հաջորդ անձնակազմին: Բոլոր 4 երկրների առաջին անձնակազմերի համար մեկնարկը տրվելու է միասին:

Հայաստանցի տանկիստների տանկը օդի մեջ․ Տանկային բիաթլոն-2014

Հայաստանցի տանկիստների տանկը օդի մեջ․ Տանկային բիաթլոն-2014

Առաջին քառյակից հետ մնացին ու 5-րդից 12-րդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Բելառուսի, Հնդկաստանի, Ղրղզստանի, Սերբիայի, Մոնղոլիայի, Վենեսուելայի, Անգոլայի ու Քուվեյթի տանկիստները:

Բոլոր ելույթների արդյունքում առանձին անձնակազմերի հաշվարկով Հայաստանի տանկիստների առաջին անձնակազմը զբաղեցրեց 8-րդ, երկրորդ անձնակազմը՝ 11-րդ տեղը, իսկ երրորդ անձնակազմը Չինաստանի առաջին անձնակազմի հետ կիսել է 16-17-րդ տեղերը:

Անձնակազմերի հաշվարկում առաջատարներն են Ռուսաստանի երկրորդ ու առաջին, Ղազախստանի երկրորդ անձնակազմի տանկիստները:

Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնում էին.

  • առաջին անձնակազմ՝ հրամանատար, կրտսեր սերժանտ Յուրա Դարբինյան, մեխանիկ-վարորդ, շարքային Գագիկ Գևորգյան ու նշանառու օպերատոր, շարքային Տիգրան Ղազարյան,
  • երկրորդ անձնակազմ՝ հրամանատար, լեյտենանտ Աշոտ Մալխասյան, մեխանիկ-վարորդ, շարքային Լևոն Խեչիկյան ու նշանառու օպերատոր, շարքային Գագիկ Գրիգորյան,
  • երրորդ անձնակազմ՝ հրամանատար, լեյտենանտ Մովսես Դավթյան, մեխանիկ-վարորդ, շարքային Նարեկ Շառոյան ու նշանառու օպերատոր, շարքային Սանասար Ծառուկյան:

Հիշեցնենք նաև, որ մինչ այս Հայաստանի տանկիստները բավական հաջող մրցելույթներ էին ունեցել նաև նախորդ մրցաձևերում ու սպորտային մրցույթի նախօրեին 4-րդ տեղը կիսում էին Սերբիայի տանկիստների հետ:

Բոլոր երկրների տանկիստները, բացի չինացիներից, առաջնությանը մասնակցում են ՌԴ ԶՈւ Տ-72Բ տանկերով, իսկ Չինաստանի ԶՈւ տանկիստները առաջնության համար իրենց հետ բերել են սեփական Type-96 տանկեր, որոնցով էլ մասնակցում են մրցումներին։

Իսկ տանկային բիաթլոնի միջազգային առաջին մրցույթը անցկացվել է 2013-ին ռուսաստանյան Ալաբինո զորավարժարանում։ Ընդ որում՝ անցյալ տարի ՀՀ ԶՈւ տանկային անձնակազմը նույնպես մասնակցել է Ռուսաստանում անցկացված տանկային բիաթլոնի միջազգային մրցումներին և մասնակից 4 երկրներից շրջանում զբաղեցրել էին վերջին տեղը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *