Շվեյցարիայի պատժամիջոցները՝ թե´ ՌԴ-ի, թե´ Ուկրաինայի համար

Շվեյցարիայի դաշնային խորհուրդը հայտարարել է ՌԴ-ի և Ուկրաինայի դեմ դեմ պատժամիջոցները խստացնելու մասին՝ այդպիսով հաստատելով այս հարցում իր որդեգրած չեզոք քաղաքականությունը։

Ինչպես հաղորդում է Շվեյցարիայի կառավարության մամուլի ծառայությունը, պատժամիջոցները ենթադրում են երկակի նշանակության ապրանքների՝ ՌԴ և Ուկրաինա ներմուծման արգելք։ Պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է. «Ուկրաինայում ճգնաժամի սրացումը հաշվի առնելով՝ Դաշնային խորհուրդը սահմանել է՝ ընդլայնել ՌԴ-ին և Ուկրաինային ռազմական տեխնիկա տրամադրելու՝ արդեն առկա արգելքը՝ դրանում ներառելով ռազմական նշանակության մի շարք այլ արտադրանքներ»։

Իր հերթին, շվեյցարական Der Bund պարբերականը մանրամասնել է՝ խոսքն անօդաչուների, ուսումնամարտական ինքնաթիռների և ռադիոսարքավորումների տրամադրման արգելքի մասին է։

Բացի այդ, Շվեյցարիայի կառավարությունը հանձնարարել է երկրի էկոնոմիկայի նախարարությանը հնարավորինս սեղմ ժամկետներում համապատասխան փաթեթ մշակել, որտեղ ամփոփված են լինելու այն բոլոր քայլերը, որոնք կասեցնելու են սույն պատժամիջոցները շրջանցելու հնարավորությունները Շվեյցարիայի տարածքում։

Հիշեցնենք, որ Շվեյցարիան ավելի վաղ պատժամիջոցներ էր սահմանել ՌԴ-ի, Դոնեցկի ու Լուգանսկի 87 բնակիչների ու 20 կազմակերպությունների նկատմամբ։ Պետական ինստիտուտներին արգելվել էր գործնական հարաբերություններ հաստատել և որևէ փաստաթուղթ կնքել նրանց հետ։ Այս ցուցակում ընդգրկված անձանց մուտքը Շվեյցարիա ևս արգելվել է։

Հավելենք, որ Ղրիմի թերակղզին մտավ Ռուսաստանի կազմի մեջ 2014-ի մարտի 16-ին անցկացված հանրաքվեի արդյունքում։ Դրան նախորդել էր ռուսաստանյան զինուժի ստորաբաժանումների տեղակայումը թերակզղու՝ ռազմական և ռազմավարական նշանակության օբյեկտների հարևանությամբ, ինչով էլ հաստատվեց Ռուսաստանի փաստացի վերահսկողությունը ողջ թերակղզու նկատմամբ։ Այս իրադարձություններին հետևեցին ինքնապաշտպանական ուժերի և ուժայինների բախումներն Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում։ Ղրիմի անեքսիայից ի վեր մինչև օրս տարբեր միջազգային կազմակերպություններ և պետություններ պատժամիջոցներ են սահմանում ՌԴ-ի դեմ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *