ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմաբազայի և ՀՀ ԶՈւ համատեղ գումարտակային մարտավարական վարժանքներին նախապատրաստման շրջանակներում «Ալագյազ» զորավարժարանում մոտոհրաձգային ստորաբաժանումները միասին անցկացնում են երկկողմ մարտավարական վարժանքներ:
Այս մասին հայտնում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, վարժանքներին ներգրավված են ավելի քան 1000 զինծառայող և 300 միավոր ռազմական տեխնիկա:
Հայտնի է նաև, որ վարժանքների պայմանները մոտեցված են լինելու մարտականին։ Ծովի մակարդակից 2200 մետր բարձրության վրա նմանակելու են հարձակվող հակառակորդի և նրա դեմ օգտագործելու են ավիացիոն հարվածներ, ինչպես նաև զանգվածային խոցման զենքեր։
Երկկողմ վարժանքների ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի ռադիոկապի և ազդանշանների նորագույն դյուրակիր միջոցների կիրառմանը, ինչպես նաև ռազմաբազայի հրամանատարության կողմից ենթակա ստորաբաժանումների կառավարման հմտությունների կատարելագործման խնդիրներին: Անցկացվող զորավարժությանը կհետևի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումը «Զաստավա» և «Նավոդչիկ-2» ԱԹՍ-ներով, որոնց միջոցով էլ տվյալները կփոխանցվեն ղեկավարման կենտրոններին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԶՈւ ՀՌՕ 102-րդ ռազմաբազան տեղակայվել է 1995 թվականին Գյումրիում: Իրականացնում է մարտական հերթապահություն ԱՊՀ ՀՕՊ Միասնական համակարգի շրջանակներում։ Բազան հագեցած է Ս-300Վ զենիթահրթիռային համակարգերով և ՄիԳ-29 կործանիչներով։ Անձնակազմը բաղկացած է մոտ 5 հազար հոգուց։
Pingback: ՌԴ 102-րդ ռազմաբազան ՀՀ ԶՈւ-ի հետ համատեղ վարժանքներ է իրականացնում Razm.info | Armday