ՀԱՀ-ում իր առաջին թռիչքն է կատարել Աֆրիկայում ստեղծված առաջին թեթև ինքնաթիռի նախատիպը

2014-ի օգոստոսի 7-ին Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) Վունդերբում օդակայանից իր առաջին թռիչքն է կատարել հարավաֆրիկյան Paramount Group ընկերության արտադրած թեթև մարտական AHRLAC ինքնաթիռի առաջին փորձնական նախատիպը, որը բնորոշվում է որպես «Աֆրիկայում ստեղծված ու հավաքված առաջին ինքնաթիռ»։

AHRLAC ինքնաթիռի առաջին փորձնական նախատիպը

AHRLAC ինքնաթիռի առաջին փորձնական նախատիպը

Ինչպես հաղորդում է «Ջեյնս» ռազմական վերլուծական հանդեսը, հղում տալով Paramount Group-ի պաշտոնական կայքի տվյալներին, ինքնաթիռն իր երկրորդ թռիչքը կատարել է օգոստոսի 13-ին։

AHRLAC-ը երկտեղանի ինքնաթիռ է, թևերի բացվածքը 12 մ է, երկարությունը՝ 10.5 մ, ունի տուրբովինտային Pratt & Whitney Canada PT6А-66 շարժիչ՝ 950 ձիաուժ հզորությամբ։ Ինքնաթիռի առավելագույն թռիչքային զանգվածը 3800 կգ է, մարտական բեռնվածությունը՝ 800 կգ, առավելագույն արագությունը՝ 500 կմ/ժ, թռիչքի բարձրությունը՝ 9500 մ, թռիչքի հեռավորությունը՝ 2100 կմ։ Նախատեսվում է ինքնաթիռը զինել 20 մմ տրամաչափի հրանոթով։ Պատվիրատուի ցանկության դեպքում հնարավոր է ինքնաթիռում ավելացնել ինքնապաշտպանության կողային համակարգեր և Martin Baker Mk 17 կատապուլտային նստատեղեր։ Ինքնաթիռը նախատեսված է կիրառել հետախուզական, շրջադիտման, պարեկության, ինչպես և վերգետնյա թիրախների հարվածներ հասցնելու նպատակներով։ Բացի այդ, այն կիրառելի է ապստամբների ու զինյալների դեմ պայքարում։

Նկատենք, որ ինքնաթիռի արտադրող Paramount Group-ը համագործակցում է Ադրբեջանի հետ. այս ընկերության տրամադրած մարտական հանգույցներով 2009-ից Ադրբեջանում հավաքվում են Marauder (Մատադոր) և Matador (Մարադյոր) զրահամեքենաներ։ Համաձայն «Ռուսաստանյան զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» 2013-ի զեկույցի՝ 2011-ից Ադրբեջանում հավաքել են 30-ական միավոր նշված զրահամեքենաներից։ Paramount Group-ը մասնակցելու է նաև 2014-ի սեպտեմբերին Բաքվում կայանալիք ADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին։

One response to “ՀԱՀ-ում իր առաջին թռիչքն է կատարել Աֆրիկայում ստեղծված առաջին թեթև ինքնաթիռի նախատիպը

  1. Pingback: ՀԱՀ-ում իր առաջին թռիչքն է կատարել Աֆրիկայում ստեղծված առաջին թեթև ինքնաթիռի նախատիպը Razm.info | Armday

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *