2020-ին ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության ցանցը նախատեսվում է համալրել նոր ռադարով

ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության գործակալությունը մտադիր է մինչև 2020 թվականը շահագործման ընդունել վաղ ծանուցման հեռավոր ռադիոտեղորոշիչ հեռանկարային նոր կայան, որը կիրականացնի հակառակորդի արձակած բալիստիկ հրթիռների հայտնաբերում և ուղեկցում։ Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունների համար արդեն իսկ հրապարակվել է պահանջների նախնական ցանկը։ Այս մասին հայտնում է Jane’s ռազմական հանդեսը։

հակահրթիռային պաշտպանության վաղ ծանուցման կայան

հակահրթիռային պաշտպանության վաղ ծանուցման կայան

Տեխնիկական պահանջների թվում նշվում է, որ ռադիոտեղորոշիչ կայանը պետք է կարողանա ոչ միայն հայտնաբերել հակառակորդի բալիստիկ հրթիռները արձակման նույնիսկ ամենավաղ փուլում, այլև դրանց վրա նշանառել հակահրթիռային պաշտպանության սեփական միջոցները։ Կայանը պետք է կարողանա նաև աշխատել նվազագույն էներգատարությամբ և լինի դիմացկուն հակառակորդի կիրառած ռադիոխանգարումների նկատմամբ։

Մրցույթին մասնակել ցանկացող ընկերությունների համար որպես հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2014-ի սեպտեմբերի 12-ը, իսկ հաղթողը կորոշվի ոչ ուշ, քան 2015-ի հունիսը։ Հակահրթիռային պաշտպանության գործակալությունում նշում են նաև, որ ռադիոտեղորոշիչ կայանը շահագործման պետք է ընդունվի արդեն 2020-ին։ Կայանի հիմնական գործառույթը լինելու է ԱՄՆ տարածքի հակահրթիռային պաշտպանության իրականացումը խաղաղօվկիանոսյան ուղղությամբ։

Հավելենք, որ ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության գործակալությունն ավելի վաղ դիմել էր Կոնգրեսին՝ նախագծի մեկնարկի ֆինանսավորման համար հայցելով 79 միլիոն դոլար։ Ինչ վերաբերում է ողջ նախագծի արժեքին, ապա այն գնահատվում է շուրջ 660 միլիոն ամերիկյան դոլար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *