Ճապոնիան դեմ է Հարավկուրիլյան կղզիներում ընթացող ՌԴ ԶՈւ զորավարժություններին

Ճապոնիան «անհանդուրժելի» է որակել օգոստոսի 12-ին ՌԴ զինուժի սկսած զորավարժությունները Հարավային Կուրիլում։ Վարժանքները հիմնականում իրականացվում են Կունաշիր ու Իտուրուպ կղզիներում, որոնք պաշտոնական Տոկիոն իրենն է համարում։

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, Ճապոնիայի վարչապետ Սինդզո Աբեի խոսքերով՝ իրենք պատրաստվում են խիստ նախազգուշացում տալ ՌԴ-ին, իսկ Ճապոնիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության համաձայն՝ ՌԴ-ն նախապես չի համաձայնեցրել զորավարժությունների անցկացման վայրն ու ժամանակը Ճապոնիայի հետ։

Հիշեցնենք, որ Հարավկուրիլյան կղզիներում ընթացող հրամանտարաշտաբային վարժանքներին մասնակցում են ՌԴ զինուժի մոտ 1000 զինծառայող, 100 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ 5 միավոր Մի-8 ուղղաթիռներ։ Բացի այդ, զորավարժությանը մասնակից են Պրիմորսկի շրջանի դեսանտային զորքերի դեսանտային-գրոհող ստորաբաժանումները, ռազմական ավիացիան, Խաղաղօվկիանոսյան նավատորմի օպերատիվ խումբը։

Նշենք, որ Ճապոնիան և Ռուսաստանը տարածքային վեճ ունեն, ինչը կապված է Կուրիլյան կղզիների հետ, որոնք Երկրորդ աշխարհամարտից հետո անցել էին ԽՍՀՄ-ին, ապա նաև Ռուսաստանի Դաշնությանը, սակայն Տոկիոն ռազմավարական մեծ նշանակություն ունեցող կղզիները համարում է երկրի անբաժանելի մասը։ Այս պատճառով էլ Մոսկվայի և Տոկիայի միջև լարված հարաբերություններ են պահպանվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *