Լեհաստանում գործող Mesko ընկերությունը երկրի ֆինանսների նախարարությունից 15 մլն ամերիկյան դոլար է ստացել նոր, տեղական հակատանկային կառավարվող հրթիռներ (ՀՏԿՀ) նախագծելու համար: Այս մասին հայտնում է «Ջեյնս» ռազմական վերլուծական հանդեսը:
Ընկերությունը պիտի նախագծի հրթիռներն ու արդեն 2015-ին ներկայացնի դրանք փորձարկումների: Pirat անունը ստացած հակատանկային հրթիռները նախատեսված են սերիական արտադրության մտցնել արդեն 2017-2018 թվականներին: Հրթիռները կառավարվելու են լազերի միջոցով ու լինելու են երեք տեսակի մարտական մասով. կումուլյատիվ, բեկորաֆուգասային և թերմոբարիկ:
Պետական պատվերի համաձայն՝ հրթիռները պետք է կարողանան խոցել զրահատեխնիկան մինչև 2.5 կմ հեռավորությունից: Դրանք նախատեսված է կիրառել ինչպես դյուրակիր հակատանկային հրթիռային համալիրներից, այնպես էլ տեղադրել միջին դասի անօդաչու թռչող սարքերի վրա:
Հրթիռները ունենալու են մոտ 10 կգ զանգված, որից 2.5 կգ-ն կլինի մարտական մասի զանգվածը: Եվս մոտ 15 կգ կլինի հրթիռների արձակման կայանների զանգվածը: ՀՏԿՀ-ն զինված կլինի ինչպես լազերային նշանառման համակարգով, այնպես էլ GPS նավիգացիոն համակարգով, էլեկտրոնային կողմնացույցով և այլ սարքերով:
Լեհաստանյան նախագծողներն այս քայլով ցանկանում են նվազեցնել հակատանկային կառավարվող հրթիռների արտադրության ծախսերը: Խնդիրն այն է, որ Լեհաստանի զինված ուժերը ներկայումս օգտագործում են իսրայելական Spike-LR ՀՏԿՀ-ն, որոնք տեղում արտադրում է իսրայելական Rafael ընկերության արտոնագրով: Սակայն ենթադրվում է, որ տեղական ՀՏԿՀ-ն մոտ 3 անգամ ավելի էժան կլինի, քան իսրայելականը: Չնայած դրան՝ Լեհաստանի զինված ուժերում նախատեսված չէ իսրայելականները հանել սպառազինությունից, որովհետև դրանց հեռահարությունն ավելի մեծ է՝ մոտ 4 կմ: