Չինաստանի պարեկային նավերը մուտք են գործել վիճելի ջրային տարածքներ

Չինաստանին պատկանող 3 պարեկային նավեր օրերս մուտք են գործել վիճելի համարվող Սենկակու կղզիների ջրային տարածք Արևելաչինական ծովում։ Ճապոնիան այս կղզիներն ու դրանց հարող տարածքներն իրենն է համարում։

Սենկակու կղզիներ

Սենկակու կղզիներ

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, հղում տալով Ճապոնիայի առափնյա անվտանգության ծառայության տվյալներին, Ճապոնիայի սահմանապահները ռադիոկապի միջոցով նախազգուշացրել են չինական նավերին անհապաղ դուրս գալ այդ տարածքից։ Չինաստանի նավերը հեռացել են։ Ճապոնական կողմի տվյալներով՝ սա 2014-ին չինական նավերի արդեն 19-րդ մուտքն է Սենկակուի ջրային տարածք։

Հիշեցնենք, որ Ճապոնիայի ու Չինաստանի հարաբերությունները սրվել են, երբ 2012-ի սեպտեմբերի 11-ին Ճապոնիայի կառավարությունը անհատ ճապոնացի սեփականատիրոջից գնել է Սենկակու արշիպելագի 5 կղզիներից 3-ը։ Այդ կղզիները Չինաստանը համարում է իր պատմական տարածքները։ Կղզիների պատկանելության վեճը Չինաստանի ու Ճապոնիայի միջև ծագել է 1970-ականների սկզբից։ Ճապոնիան պնդում է, որ կղզիներում հաստատվել է 1895-ից, իսկ մինչ այդ դրանք որևէ պետության չեն պատկանել։

Ըստ պաշտոնական Պեկինի դիրքորոշմամբ՝ կղզիները ընդգրկված էին Չինաստանի կազմում դեռևս 600 տարի առաջ, իսկ 1783 և 1785 թվականների ճապոնական քարտեզների վրա դրանք նշված են որպես չինական տարածքներ։
Հավելենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կղզիներն ԱՄՆ-ի վերահսկողության ներքո էին, ապա 1972-ին դրանք Օկինավա կղզիների հետ տրամադրվեցին Ճապոնիային։ Կղզիները հարուստ են բնական պաշարներով;

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *