Մալթայի պաշտպանության նախարարությունը ստացել է առաջին միավոր AW139 բազմանպատակային ուղղաթիռը, որը կիրառվելու է որոնողափրկարարական աշխատանքներում և առափնյա շրջանների պարեկության համար։
Ինչպես հաղորդում է «Ջեյնս» ռազմական վերլուծական հանդեսը, Մալթան ստացել է ուղղաթիռը 2014-ի հունիսին, սակայն ուղղաթիռի արտադրող AgustaWestland ընկերությունը միայն այժմ է հայտարարում այդ մասին։
Բացի ուղղաթիռների տրամադրումից, AgustaWestland-ը, պայմանագրի համաձայն, պետք է վերապատրաստի Մալթայի 10 օդաչուի, 20 տեխնիկի։
Ներկայումս Մալթայում ուղղաթիռի վրա տեղադրում են հավելյալ սարքավորումներ, մասնավորապես՝ գիշերային դիտման համակարգ, թռիչքի կառավարման հատուկ սարքեր, եղանակային ռադար, արբանյակային կապի միջոց, ջրի վրա արտակարգ վայրէջքի համակարգ և այլն։ Դեռևս պարզ չէ, թե երբ են ավարտվելու սույն աշխատանքները։
Նախատեսվում է, որ 2014-ի դեկտեմբերին Մալքան կստանա իր երկրորդ AW139 բազմանպատակային ուղղաթիռը։ Ծրագրվում է այս ուղղաթիռները կիրառել Մալթայի ունեցած, արդեն արդիականացում անցած 3 միավոր SA316B Alouette III ուղղաթիռների հետ համատեղ։
AW139 ուղղաթիռն առաջին թռիչքը կատարել է 2001 թվականին։ Բազմաֆունկցիոնալկ ուղղաթիռն ունի երկու շարժիչ։ Մեկ միավորի մոտավոր արժեքն է 21 մլն դոլար։ Ունի ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական տարբերակ։ Այն կարող է տեղավորել անձնակազմի երկու անդամների և մինչև 15 ուղևորի, զարգացնել մինչև 309 կմ/ժ արագություն: Ուղղաթիռի թռիչքի տևողությունը կարող է հասնել մինչև 4 ժամի` անցնելով շուրջ 740 կմ: