Վրաստանն ու Աֆղանստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հանդիպել է այդ երկրի իր պաշտոնակից Բիսմիլլա խան Մուհամմադի հետ և ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։

Վրաստանի և Աֆղանստանի պաշտպանության նախարարները փոխըմբռման հուշագիր են ստորագրում

Վրաստանի և Աֆղանստանի պաշտպանության նախարարները փոխըմբռման հուշագիր են ստորագրում

Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հուշագիրը ենթադրում է Վրաստանի և Աֆղանստանի միջև համագործակցության խորացում։ Ավելի կոնկրետ, Վրաստանի զինծառայողները փորձի փոխանակում են անելու իրենց աֆղան գործընկերների համար, ինչպես նաև մասնակցելու են աֆղանական բանակի պատրաստման ծրագրին։

«Ստորագրված հուշագիրը չափազանց կարևոր է մեզ համար։ Հիմք գցվեց մեր ռազմական համագործակցության համար։ Երբ ես Քանդագարում էի, մեր զինծառայողները պատրաստում էին աֆղան հրետանավորներին։ Մենք դա շարունակելու ենք և մեր ռազմական համագործակցությունն ուժեղացնելու։ Նրանք մեր օգնության կարիքն ունեն, և Վրաստանի կառավարությունն Աֆղանստանի կառավարությանն օժանդակում է»,- հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան։

Աֆղանստանի պաշտպանության նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Իրակլի Ալասանիային, որ Վրաստանը պատրաստ է 2014 թվականից հետո էլ շարունակելու աջակցել Աֆղանստանին։

Տեղեկացնենք, որ Աֆղանստանում առաքելություն իրականացնող ISAF միջազգային առաքելության ավարտին զուգահեռ փակվում են ռազմաբազաներն ու կրճատվում է այնտեղ ծառայող զորախմբերի թիվը։ Մինչև 2014 թվականի վերջ Աֆղանստանի անվտանգության գործն իրենց վրա են վերցնելու տեղի անվտանգության ուժերը։

Հավելենք նաև, որ Վրաստանը խոստացել է 2014 թվականից հետո մի գումարտակ ուղարկել Աֆղանստան նոր առաքելության համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *