Մենք քաջատեղյակ ենք, թե ինչ հնարավորություններ ունի Ադրբեջանի զինուժը. Սերժ Սարգսյան

Օգոստոսի 10-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունների մասին՝ պատասխանելով Արմնյուզ հեռուստաընկերության հարցերին։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հոխորտանքին, ապա այսօր Ադրբեջանի նախագահը մի շատ լավ բան ասաց։ Նա ասաց՝ կողմերը քաջատեղյակ են իրենց հնարավորությունների մասին: Իրոք, մենք քաջատեղյակ ենք, թե ինչպիսի հնարավորություններ ունեն Ադրբեջանի զինված ուժերը: Ադրբեջանի ղեկավարությունը քաջատեղյակ է մեր հնարավորությունների մասին: Այո, և դա ես առանց որևէ մտավախության եմ ասում, Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանից կարող են հասնել նաև Երևանի սահմաններին, եթե ռազմական գործողություններ սկսվեն: Բայց այդպիսի բաներն անպատիժ երբեք չեն մնում, և Ադրբեջանի ղեկավարությունը շատ լավ գիտի, թե ինչ կարողություններ ու հնարավորություններ ունեն հայկական զինված ուժերը: Նրանք շատ լավ գիտեն, որ մենք ունենք բալիստիկ հրթիռներ, որոնց գործողության շառավիղը 300 կմ-ից ավելի է, և որոնք շատ կարճ ժամանակում ցանկացած ծաղկուն բնակավայր կարող են վերածել այնպիսի ավերակների, ինչպիսին հիմա Աղդամի ավերակներն են: Ընտրության հարց է: Եթե այդ մարդիկ «իրենց գլխից ձեռք են քաշել», եթե նրանք որոշել են, որ պետք է գնալ ռազմական լայնածավալ գործողությունների և, նույնիսկ, կարող են Հայաստանի բնակավայրերը, որոնք սահմանամերձ չեն, ընտրել որպես թիրախ, ապա թող իրենք իրենց պատասխանատվության մասին մտածեն»,- նշել է Սերժ Սարգսյանը։

Նախագահը նաև նշել է,  որ Ադրբեջանում հասարակությունն իրականության մեջ չի ապրում, այլ  «կռիվ-կռիվ է խաղում» աշխատանքից հետո։

«Երբեք չի կարելի չոր թվեր դնել և հաշվարկել, ասել̀ մեր համախառն ներքին արդյունքն այսքան է, Հայաստանինը̀ այսքան, մենք ունենք այսքան տանկ, Հայաստանը̀ այսքան տանկ, և եթե ռազմական գործողություններ լինեն, ապա մենք կհաղթենք: Իմ ասածը չի նշանակում, որ համախառն ներքին արդյունքը նշանակություն չունի, փողը, տանկերի քանակը նշանակություն չունեն: Ես դա չեմ ասում: Իհարկե, ունեն: Բայց դա բավարար չէ: Վերջին գործողություններն այդ մասին էին խոսում:

Այդ գործողությունների արդյունքում մենք ինչի՞ ականատես եղանք: Ադրբեջանցիներն ասում են, որ գործողությունների արդյունքում, իբր, հայկական զինված ուժերը ավելի շատ կորուստներ են ունեցել և, իբր, մենք այդ կորուստները թաքցնում ենք: Բայց ես չեմ կարծում, որ մեր հասարակության մեջ կա գոնե մեկ մարդ, որը այդպես կարծի: Անհնար է զինվորի կորուստը թաքցնել: Առավել ևս̀ մեր հասարակության մեջ: Չեմ կարծում, որ դա հնարավոր է: Մյուս կողմից ̀ իրենք փորձ են անում թաքցնել իրենց կորուստները իրենց իսկ հասարակությունից, և ինչ-որ ժամանակ դա իրենց հաջողվում է: Նրանք այդ կորուստները ձգում են ժամանակի մեջ, և եթե այսօր նրանք ունեցել են, ենթադրենք, տասը զոհ, ապա այդ տասը զոհի մասին նրանք չեն հայտարարում: Տասը զոհի մասին հայտարարում են մեկ շաբաթյա ժամանակահատվածում:

Եվ որպեսզի այստեղ ավելորդ խոսակցություններ չլինեն, ես հանձնարարել եմ պաշտպանության նախարարին, որպեսզի հատուկ զբաղվեն և հրապարակեն մեր մամուլում՝ ինչպես մեր զոհերի անուն-ազգանունները̀ զինծառայողների նկատի ունեմ, այնպես էլ ադրբեջանական մահացած զինծառայողների անուն-ազգանունները, որպեսզի մարդիկ առարկայորեն տեսնեն̀ ով է ավելի շատ կորցրել և քանի անգամ: Դրա նպատակն այն չի, որ մենք ուրախանում ենք: Անձամբ ես մեծ ուրախություն չեմ ապրում ադրբեջանցիների շատ կորուստներով: Ես հպարտության մեծ զգացումներ եմ ունենում մեր տղաների գործողությունների համար: Ինձ համար ամենակարևորն այն է, որ մենք կորուստ չունենանք, կամ քիչ ունենանք: Իսկ թե նրանք ինչքան կորուստ կունենան, ինձ ամենաշատ հետաքրքրող հարցը չէ: Բայց իրենց հասարակությունը պետք է իմանա, թե ինչի է հասցնում այդ ոչ լուրջ վերաբերմունքը պատերազմի կամ միջադեպերի նկատմամբ:

Պատերազմը վատ բան է: Միջադեպերն էլ լավ բան չեն, ուստի մենք շատ զգույշ պետք է լինենք և, անշուշտ, մշտապես մենք պետք է ուշադրության կենտրոնում պահենք մեր քաջ տղաների բարեկամներին, հարազատներին, երեխաներին, ծնողներին, ովքեր իրենց կյանքի գնով կարողացել են անել այնպես և նախկինում, և հիմա, որ մեր զինված ուժերի նկատմամբ մեր ժողովուրդը իր հավատը պահպանի», ” իր խոսքը եզրափակել է նախագահը։

6 responses to “Մենք քաջատեղյակ ենք, թե ինչ հնարավորություններ ունի Ադրբեջանի զինուժը. Սերժ Սարգսյան

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. օգոստոսի 10-16 | Ռազմ.info

  2. Pingback: Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ | Ռազմ.info

  3. Pingback: Հայաստանն ու Ադրբեջանը տեղեկություններ կփոխանակեն Արցախյան պատերազմում անհայտ կորածների վերաբերյալ | Ռազմ.info

Մեկնաբանել KarenՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *