Մենք քաջատեղյակ ենք, թե ինչ հնարավորություններ ունի Ադրբեջանի զինուժը. Սերժ Սարգսյան

Օգոստոսի 10-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունների մասին՝ պատասխանելով Արմնյուզ հեռուստաընկերության հարցերին։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հոխորտանքին, ապա այսօր Ադրբեջանի նախագահը մի շատ լավ բան ասաց։ Նա ասաց՝ կողմերը քաջատեղյակ են իրենց հնարավորությունների մասին: Իրոք, մենք քաջատեղյակ ենք, թե ինչպիսի հնարավորություններ ունեն Ադրբեջանի զինված ուժերը: Ադրբեջանի ղեկավարությունը քաջատեղյակ է մեր հնարավորությունների մասին: Այո, և դա ես առանց որևէ մտավախության եմ ասում, Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանից կարող են հասնել նաև Երևանի սահմաններին, եթե ռազմական գործողություններ սկսվեն: Բայց այդպիսի բաներն անպատիժ երբեք չեն մնում, և Ադրբեջանի ղեկավարությունը շատ լավ գիտի, թե ինչ կարողություններ ու հնարավորություններ ունեն հայկական զինված ուժերը: Նրանք շատ լավ գիտեն, որ մենք ունենք բալիստիկ հրթիռներ, որոնց գործողության շառավիղը 300 կմ-ից ավելի է, և որոնք շատ կարճ ժամանակում ցանկացած ծաղկուն բնակավայր կարող են վերածել այնպիսի ավերակների, ինչպիսին հիմա Աղդամի ավերակներն են: Ընտրության հարց է: Եթե այդ մարդիկ «իրենց գլխից ձեռք են քաշել», եթե նրանք որոշել են, որ պետք է գնալ ռազմական լայնածավալ գործողությունների և, նույնիսկ, կարող են Հայաստանի բնակավայրերը, որոնք սահմանամերձ չեն, ընտրել որպես թիրախ, ապա թող իրենք իրենց պատասխանատվության մասին մտածեն»,- նշել է Սերժ Սարգսյանը։

Նախագահը նաև նշել է,  որ Ադրբեջանում հասարակությունն իրականության մեջ չի ապրում, այլ  «կռիվ-կռիվ է խաղում» աշխատանքից հետո։

«Երբեք չի կարելի չոր թվեր դնել և հաշվարկել, ասել̀ մեր համախառն ներքին արդյունքն այսքան է, Հայաստանինը̀ այսքան, մենք ունենք այսքան տանկ, Հայաստանը̀ այսքան տանկ, և եթե ռազմական գործողություններ լինեն, ապա մենք կհաղթենք: Իմ ասածը չի նշանակում, որ համախառն ներքին արդյունքը նշանակություն չունի, փողը, տանկերի քանակը նշանակություն չունեն: Ես դա չեմ ասում: Իհարկե, ունեն: Բայց դա բավարար չէ: Վերջին գործողություններն այդ մասին էին խոսում:

Այդ գործողությունների արդյունքում մենք ինչի՞ ականատես եղանք: Ադրբեջանցիներն ասում են, որ գործողությունների արդյունքում, իբր, հայկական զինված ուժերը ավելի շատ կորուստներ են ունեցել և, իբր, մենք այդ կորուստները թաքցնում ենք: Բայց ես չեմ կարծում, որ մեր հասարակության մեջ կա գոնե մեկ մարդ, որը այդպես կարծի: Անհնար է զինվորի կորուստը թաքցնել: Առավել ևս̀ մեր հասարակության մեջ: Չեմ կարծում, որ դա հնարավոր է: Մյուս կողմից ̀ իրենք փորձ են անում թաքցնել իրենց կորուստները իրենց իսկ հասարակությունից, և ինչ-որ ժամանակ դա իրենց հաջողվում է: Նրանք այդ կորուստները ձգում են ժամանակի մեջ, և եթե այսօր նրանք ունեցել են, ենթադրենք, տասը զոհ, ապա այդ տասը զոհի մասին նրանք չեն հայտարարում: Տասը զոհի մասին հայտարարում են մեկ շաբաթյա ժամանակահատվածում:

Եվ որպեսզի այստեղ ավելորդ խոսակցություններ չլինեն, ես հանձնարարել եմ պաշտպանության նախարարին, որպեսզի հատուկ զբաղվեն և հրապարակեն մեր մամուլում՝ ինչպես մեր զոհերի անուն-ազգանունները̀ զինծառայողների նկատի ունեմ, այնպես էլ ադրբեջանական մահացած զինծառայողների անուն-ազգանունները, որպեսզի մարդիկ առարկայորեն տեսնեն̀ ով է ավելի շատ կորցրել և քանի անգամ: Դրա նպատակն այն չի, որ մենք ուրախանում ենք: Անձամբ ես մեծ ուրախություն չեմ ապրում ադրբեջանցիների շատ կորուստներով: Ես հպարտության մեծ զգացումներ եմ ունենում մեր տղաների գործողությունների համար: Ինձ համար ամենակարևորն այն է, որ մենք կորուստ չունենանք, կամ քիչ ունենանք: Իսկ թե նրանք ինչքան կորուստ կունենան, ինձ ամենաշատ հետաքրքրող հարցը չէ: Բայց իրենց հասարակությունը պետք է իմանա, թե ինչի է հասցնում այդ ոչ լուրջ վերաբերմունքը պատերազմի կամ միջադեպերի նկատմամբ:

Պատերազմը վատ բան է: Միջադեպերն էլ լավ բան չեն, ուստի մենք շատ զգույշ պետք է լինենք և, անշուշտ, մշտապես մենք պետք է ուշադրության կենտրոնում պահենք մեր քաջ տղաների բարեկամներին, հարազատներին, երեխաներին, ծնողներին, ովքեր իրենց կյանքի գնով կարողացել են անել այնպես և նախկինում, և հիմա, որ մեր զինված ուժերի նկատմամբ մեր ժողովուրդը իր հավատը պահպանի», ” իր խոսքը եզրափակել է նախագահը։

6 responses to “Մենք քաջատեղյակ ենք, թե ինչ հնարավորություններ ունի Ադրբեջանի զինուժը. Սերժ Սարգսյան

  1. իրենք երբեք Նախիջևանից չեն կարող ՀԱՍՆԵԼ Երևանի սահմաններին…
    իրենք լավագույն դեպքում սմերչով մեկ–երկու համազարկ կարող են անել Երևանի վրա

    Մի թե հայոց լեզուն այդքան աղքատիկ է, որ անհրաժեշտ բառերը չեն գտնվում…

  2. Ինչու մեկ֊երկու, և ոչ տաս֊քսան

  3. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. օգոստոսի 10-16 | Ռազմ.info

  4. Pingback: Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ | Ռազմ.info

  5. Pingback: Հայաստանն ու Ադրբեջանը տեղեկություններ կփոխանակեն Արցախյան պատերազմում անհայտ կորածների վերաբերյալ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *