Օգոստոսի 9-ի գիշերն ՀՀ և Արցախի գործադիր իշխանությունների ղեկավարների գլխավորած պաշտոնական պատվիրակությունները գիշերել են դիրքերում և եղել մի քանի հենակետերում:
Այս մասին հաղորդում է Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը: Նրա խոսքերով՝ ինքը քիչ առաջ է վերադարձել դիրքերից, որտեղ գնացել էր ՀՀ և Արցախի վարչապետերի, պաշտպանության նախարարի, ՊԲ հրամանատարի և այլ նախարարների ու պատգամավորների այցի շրջանակներում: Նրանք եղել են մի քանի հենակետերում, որտեղ վերջին օրերին հակառակորդի կողմից դիվերսիաներ են նախաձեռնվել:
Զինծառայողներն ու կամավորները ոգևորությամբ են ընդունել պաշտոնյաներին, իսկ ոմանք պարգևատրվել են իրենց ցուցաբերած խիզախությունների համար»:
Արտակ Բեգլարյանը հավելել է, որ դրությունը հանգիստ է, և պետք չէ հավատալ բամբասանքների:
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ից մինչ օրս հայ-ադրբեջանական սահմանում լարված վիճակ է։ Ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, ձեռնարկում հետախուզադիվերսիոն հարձակման փորձեր, առաջնագծի տարբեր հատվածներում գրանցվել է փոխհրաձգություն։ ՊԲ պաշտոնական տվյալներով՝ նշված ժամանակահատվածում հայկական կողմն առաջնագծում ունեցել է 6 զոհ, ադրբեջանական կողմը՝ առնվազն 17։
Հավելենք, որ ՊԲ տվյալներով՝ օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերն ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման հերթական փորձն է նախաձեռնել, որի հետևանքով ունի մեկ զոհ ու մի քանի վիրավոր։ Զոհը, ինչպես հաղորդում է ՊԲ-ն, Սահիլ Յաշարօղլու Թառլանլըն է, որի զոհվելու փաստն Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է։ Բացի այդ, ադրբեջանական կողմը հիշատակում է 20-ամյա զինծառայող Ֆարհադ Ազադօղլու Ռահիմովին՝ որպես «հայկական գնդակից» վիրավոր առաջնագծում։
Բացի այդ, օգոստոսի 7-ին հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է ակտիվ փոխհրաձգություն, որի արդյունքում հակառակորդը կրել է կենդանի ուժի կորուստներ:Ինչպես հաղորդում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, փոխհրաձգության ընթացքում հակառակորդի կողմից արձակված կրակոցից գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995-ին ծնված ՎիկտորՇուբերտիԱբրաամովը: