Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, օգոստոսի 9-ին աշխատանքային այցով մեկնել է Արցախ։ Այցի ընթացքում պատվիրակության անդամները հանդիպել են Արցախի նախագահ Բակո Սահակյանին և քննարկել վերջին օրերին սուր բնույթ ստացած սահմանային իրավիճակը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Արցախում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Արցախում

Դրան հաջորդել է ճեպազրույցը լրագրողնրեի հետ, որի ընթացքում Հովիկ Աբրահամյանը նշել է.

Մեր այցի նպատակը մեկն է. լինել առաջին գծում՝ մեր զինվորների կողքին: Խանդավառություն կա և Հայաստանի, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ժողովուրդը, հասարակությունը միասնական են անվտանգության հարցում: Դա շատ կարևոր է: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ Հայաստանի անվտանգությունը սկսվում է Արցախի անվտանգությունից, և եթե Արցախում ամեն ինչ ապահով է, ապա Հայաստանի Հանրապետությունը նույնպես անվտանգ է: Այսօր մեր զինվորների բարձր ոգին մեզ ոգևորում է: Իհարկե, մեր ցանկությունն է, որպեսզի հակամարտությունը լուծվի խաղաղ բանակցություների արդյունքում, բայց եթե մեզ պարտադրում են և դիպուկահարներն անընդհատ փորձում են սպանել մեր զինվորներին, ապա մենք ունենք այդ հնարավորությունը` պաշտպանելու մեր հողն ու երկիրը:
Մեր նպատակն է՝ ծանոթանալ խնդիրներին, փորձել աջակից լինել նաև բարոյապես, որպեսզի մեր զինվորները հասկանան, որ իշխանություններն ու ժողովուրդն իրենց կողքին են: Համարում եմ, որ պարտավոր ենք նման այցելություններ կատարել, և այս վերջին լարված օրերին միշտ եղել ենք սահմանապահ գյուղերում: Այսօր էլ եկել ենք Լեռնային Ղարաբաղ և գիշերը լինելու ենք դիրքերում, առաջին գծում` մեր զինվորների կողքին: Մենք որևէ աջակցություն չենք խնայելու, որպեսզի մեր բանակը լինի ավելի մարտունակ: Մենք յուրաքանչյուր ֆինանսական ռեսուրս պատրաստ ենք տրամադրել` զինելու մեր բանակը, պաշտպանելու մեր հողը, սահմանը: Մենք այլընտրանք չունենք:
Լեռնային Ղարաբաղի նախագահը նաև մի կարևոր առաջարկ արեց, որ մենք պետք է ունենանք այնպիսի սարքավորում, որը թույլ կտա դիտարկել ողջ սահմանը: Այժմ հաշվարկվում է այդ նախագիծը: Հայաստանի կառավարությունը կփորձի անպայման սատարել այդ ծրագրի իրականացմանը։

Հավելենք, որ Արցախ մեկնած պատվիրակության անդամենրը հանդիպել են նաև պաշտպանության բանակի զորամասերից մեկում կայացած զինվորների երդմնակալությանը ներկա զինծառայողների ընտանիքների անդամներին:

2 responses to “Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *