ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հանձնաժողովը՝ Կարեն Պետրոսյանի մահվան շուրջ

2014-ի օգոստոսի 8-ին Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը պաշտոնապես հաստատել է Ադրբեջանի իշխանությունների հաղորդագրությունը օգոստոսի 7-ից ադրբեջանական գերության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան վերաբերյալ:

«ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը օգոստոսի 7-ին, դեռևս չպարզված հանգամանքներոււմ, հատել էր հայ-ադրբեջանական պետական սահմանը և հայտնվել ադրբեջանական գերության մեջ: Չնայած ադրբեջանական իշխանությունների զանազան մեկնաբանություններին, ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ Կարեն Պետրոսյանը չի հանդիսանում ՀՀ ԶՈւ զինծառայող:

Կ.Պետրոսյանի հարազատների հավաստմամբ, ինչպես նաև նրա բժշկական փաստաթղթերի համաձայն, վերջինս առողջական խնդիրներ, առավել ևս սրտանոթային հիվանդություններ չի ունեցել և եղել է փաստացի առողջ:

Ադրբեջանական կողմը, չբավարարվելով գերեվարված ՀՀ քաղաքացու նկատմամբ կիրառված ակնհայտ անմարդկային վերաբերմունքով, ենթարկել է Կ. Պետրոսյանին նվաստացումների, տանջանքների և կտտանքների’ հասցնելով նրան մահվան. այս ամենի ապացույցը ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվող տեսանյութերն ու լուսանկարներն են:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ չպարզված հանգամանքներում Կ.Պետոսյանի անակնկալ մահը նրա հանդեպ դաժան ու անմարդկային վերաբերմունքի հիմնավոր կասկածներ է ծնում, ինչը «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում» ամրագրված մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների կոպիտ ոտնահարում է: Ուստի ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը պաշտոնապես պահանջում է անկախ միջազգային փորձագետների կողմից դիակի դատաբժշկական փորձաքննություն’ մահվան պատճառները պարզելու համար:

ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը համապատասխան միջազգային կառույցներին կոչ է անում դրսևորել հետևողականություն’ գործի անաչառ և լիարժեք քննություն իրականացնելու համար»,-հայտարարել է ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *