Հայ-ադրբեջանական զորքերի միջև առկա չեզոք գիծը երկու կողմերն էլ կրճատել են, իսկ սահմանում առավելությունը հայ դիրքապահներինն է: ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի որդին վերականգնվել է աշխատանքում: Արտակ Նազարյանի գործով վկաները չեն ներկայացել դատավարությանը:
- Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը վստահ է, որ Բաքվում «Եվրատեսիլ 2012»-ի անցկացման օրերին Ադրբեջանը սահմանի վրա իրավիճակը ապակայունացնելու փորձեր է անելու՝ հատկապես հյուսիս–արևելյան շրջաններում:
- «Գաղտնիք չէ,որ երկու կողմերն էլ այս տարիներին առաջ են եկել և կրճատել հենակետերի հեռավորությունը, բայց այս հարցում ևս առավելությունը մեր կողմն է, միայն 2008-ին, Մռավի հատվածում 20.000 հա կրճատվել է չեզոք գոտին: Ճակատային այսօրվա կոնֆիգուրացիայի շնորհիվ կարողանում ենք զսպել թշնամուն` մեր ունեցած մարդկային և ռազմատեխնիկական ռեսուրսի պայմաններում»,- անդրադառնալով հայկական դիրքերի առավելություններին՝ ասել է Դավիթ Ջամալյանը՝ հավելելով, որ Արցախի բանակի հրամանատարի ու անձնակազմի միջև հոգեբանական անջրպետ չկա:
- Հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տեղի է ունեցել ԵԱՀԿ հերթական մշտադիտարկումը: Այդ ընթացքում որևէ միջադեպ տեղի չի ունեցել:
- ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի որդին` Գրիշա Խաչատուրովը, դարձյալ վերականգնվել է աշխատանքում. նա երկու ամիս է, ինչ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալն է:
- Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությանը չեն ներկայացել գործով որպես վկա ներգրավված Արման Մնացականյանը և Արթուր Մկրտչյանը: «Մկրտչյանի հետ կապված գրություն կար ոստիկանության Սիսիանի բաժնից, որ գտնվում է ԼՂՀ-ում, եւ հաջորդ նիստին նրա ներկայությունը կապահովվի: Իսկ ահա Արման Մնացականյանը, կրկին ըստ ոստիկանության գրության, «բուժման նպատակով մեկնել է ՀՀ-ից»»,- գրում է «Հայկական ժամանակը»:
- Ղազախստանի, Ղրղըզստանի և Ուզբեկստանի նախագահները, որոնք առաջին անգամ հրավիրվել են մայիսի 20-21-ին Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որոշել են իրենց փոխարեն Չիկագո ուղարկել ԱԳ նախարարներին: