Խորվաթիայում արտակրգ միջադեպ է գրանցվել երկրի ռազմաօդային ուժերի ՄիԳ-21 կործանիչներից մեկի մասնակցությամբ։ 2014-ի օգոստոսի 5-ին պլանային թռիչքներից մեկի ժամանակ ինքնաթիռը վայր է ընկել մայրաքաղաք Զագրեբից 15 կմ հեռավորության վրա։ Օդաչուն հասցրել է փրկվել ինքնանետման եղանակով։ Այս մասին հայտնում է «abcnews» լրատվակայքը՝ հղում անելով Associated Press գործակալությանը։
Միջադեպից հետո օդաչուին տեղափոխել են հիվանդանոց՝ պրոֆիլակտիկ ստուգման, ինչին հաջորդել է նրա հարցաքննությունը՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։
Կործանիչի օդաչու Ստանկո Ռժենակը հայտնել է, որ ինքնաթիռն արդեն ուղղում էր դեպի ավիաբազա՝ վայրէջք կատարելու համար, երբ անսպասելիորեն նկատել է, որ գրեթե ամբողջությամբ կորցրել է կառավարումը։ Օդաչուի խոսքերով՝ այդ պահին իրենից պահանջվող միակ բանը վայր սլացող կործանիչը բնակավայրերից հեռու տանելն էր, ինչն էլ բարեհաջող ստացվել է։
Նշենք, որ Խորվաթիայի ռազմաօդային ուժերի ավիապարկում առկա է 12 միավոր ՄիԳ-21 կործանիչ։ Դրանց մի մասը պետք է արդիականացում անցներ Ուկրաինայում, սակայն պատվերը կատարողը սկզբում անընդմեջ հետ էր ընկնում պայմանագրով նախատեսված ժամանակացույցից, իսկ երբ արդեն կատարված աշխատանքի ընդունման փուլն էր, Խորվաթիան հրաժարվեց անել դա, քանի որ ինքնաթիռների վրա առկա էին բազմաթիվ թերություններ։
Այդուհանդերձ, հանուն օբյեկտիվության պետք է նշել, որ ըստ Խորվաթիայի ՊՆ-ի հաղորդած տեղեկության, վթարված կործանիչն Ուկրաինայում արդիականացում չէր անցել։
Խորհրդային նախագծման ՄիԳ-21 կործանիչը շահագործման են հանձնել 1959-ին։ Այն կարող է զարգացնել մինչև 2 125 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 19 000 մետր է։ Սպառազինությունում ինքնաթիռն ունի 30 մմ-անոց ավիացիոն հրանոթ, ամրակցման 4 կետ՝ երկուական 500 կգ-անոց ռումբով և Կ-13 կառավարվող հրթիռով համալրվելու համար։