[հավելում] Ադրբեջանական աղբյուրները հայտնում են Աղդամում ավելի քան 2 վիրավորի մասին

Մի շարք ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերն ադրբեջանական զինուժն Աղդամի հատվածում ունեցել է ավելի քան երկու վիրավոր զինծառայող «հայկական գնդակից»։

Այս մասին հաղորդում են ադրբեջանական «Ենի Մուսավաթ» պարբերականը, Axar.az, Virtualaz.org լրատվակայքերը, հղում տալով իրենց թղթակիցների և տեղի բնակիչների վկայություններին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս պահին տեղեկությանը չի արձագանքել։

Համաձայն վերոհիշյալ լրատվակայքերի՝ «հայկական կողմը կրակ է բացել օգոստոսի 5-ի գիշերը», իսկ ադրբեջանցիներին հաջողվել է իրենց վիրավոր զինծառայողներին շտապօգնության մեքենայով դուրս բերել միայն լուսաբացին մոտ։ Վիրավորներին ավտոմեքենաներով դուրս են բերել Միրաշալլը գյուղի մերձակայքից և տարել դեպի Սարըջալը գյուղում տեղակայված հոսպիտալ։ Նրանց անձնական տվյալներն ու առողջական վիճակի մասին որևէ բան չեն հայտնում։ Աղբյուրները վիրավորների հստակ թիվ չեն նշում, սակայն շեշտում են՝ շատ հնարավոր է, որ նրանց թիվը 2-ից ավել է։

Նկատենք, որ ՊԲ տվյալներով՝ օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերնադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման հերթական փորձն է նախաձեռնել, որի հետևանքով ունի մեկ զոհ ու մի քանի վիրավոր։ Չի բացառվում, որ վերոհիշյալ վիրավորները հենց այս դիվերսիայի հետևանքով են արձանագրվել, իսկ զոհը, ինչպես հաղորդում է ՊԲ-ն, Սահիլ Յաշարօղլու Թառլանլըն է, որի զոհվելու փաստն Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է։ Բացի այդ, ադրբեջանական կողմը հիշատակում է  20-ամյա զինծառայող Ֆարհադ Ազադ օղլու Ռահիմովին՝ որպես «հայկական գնդակից» վիրավոր առաջնագծում։ Միգուցե նա վիրավորներից մեկն է։

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ից մինչ օրս հայ-ադրբեջանական սահմանում լարված վիճակ է։ Ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, ձեռնարկում հետախուզադիվերսիոն հարձակման փորձեր, առաջնագծի տարբեր հատվածներում գրանցվել է փոխհրաձգություն։ ՊԲ պաշտոնական տվյալներով՝ նշված ժամանակահատվածում հայկական կողմն առաջնագծում ունեցել է 6 զոհ, ադրբեջանական կողմը՝ առնվազն 16։

[հավելում]-Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հերքել է ավելի քան 2 վիրավորներ ունենալու տեղեկությունը։ ՊՆ խոսնակ Վագըֆ Դարգահլըի խոսքերով՝ ՊՆ-ն «իրականությունն արտացոլող տեղեկությունները տեղադրում է իր պաշտոնական կայքում»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *