Մենք մեր առջև դրված խնդիրները կարող ենք ինքնուրույն լուծել ու Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայման խնդիր այսօր չկա: Երկրագնդի վրա հակամարտությունների բոլոր գոտիներում մեր տարածաշրջանը արցախյան հակամարտությամբ միակ վայրն է, որտեղ առանց երրորդ ուժիպահպանվում է հարաբերական զինադադարի պայմանները:
Այս մասին այսօր` օգոստոսի 6-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ՌԴ խաղաղապահ ուժեր տեղեկայելու անհրաժեշտության հարցին ի պատասխան:
«Իրավիճակը մենք միշտ գնահատում ենք ո´չ պատերազմ, ո´չ խաղաղություն, որովհետև հակառակորդի կողմից մշտապես խախտվում է հրադադարի ռեժիմը, սակայն մեր ստորաբաժանումների պատրաստության շնորհիվ պահպանում ենք իրավիճակը»,- շեշտեց նախարարը:
Քննարկվող հարցերից էր նաև՝ արդյոք Ադրբեջանը կվերսկսի լայնամասշտաբ ռազմական գործողությունները, թե ոչ:
«Ադրբեջանը միշտ պատրաստվում է պատերազմի, և մենք էլ ենք պատրաստվում պատերազմի, ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի, սա լավագույն բանաձևն է ու մեր զինված ուժերը դրա համար է: Բայց կարծում եմ, որ այս բախումները կարող են լինել լոկալ, լայնամասշտաբ գործողություն սկսելու հավանականությունն այսօր քիչ է»,- հավելեց Սեյրան Օհանյանը:
Տեղեկացնենք, որ այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նախարար Օհանյանն ամփոփեց պաշտպանության նախարարի պաշտոնում իր վերանշանակման 100 օրն ու ներկայացրեց այդ ժամանակահատվածում ունեցած ձեռքբերումներն ու անդրադարձավ նաև դեռևս լուծման ճանապարհին գտնվող հարցերին:
Այդ առումով Սեյրան Օհանյանը նշեց, որ 2014 թվականից մինչև օրս զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների խախտման հետևանքով մահացել է 1 զինծառայող, ինչը հնարավորություն է տալիս նշել, որ այդ ոլորտում կատարվող քայլերն իրենց ազդեցությունն ունենում են: