Արտակարգ միջադեպ Աֆղանստանում. զոհվել է ՆԱՏՕ-ի 1 գեներալ, ևս 1-ը վիրավոր է

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ISAF առաքելության բրիտանական ռազմաբազաներից մեկում, որը տեղակայված է մայրաքաղաք Քաբուլի արվարձաններում, 2014-ի օգոստոսի 5-ին գրանցվել է արտակարգ միջադեպ, որի ընթացքում սպանվել է ԱՄՆ բանակի բարձրաստիճան զինվորական՝ կոչումով գեներալ-լեյտենանտ։ Նախնական տվյալներով վիրավոր են ևս 15 զինվորական, որոնց թվում նաև գերմանական զորախմբի բրիգադի գեներալ։ Այս մասին հայտնում է բրիտանական «The Guardian» պարբերականը։

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականներն Աֆղանստանում

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականներն Աֆղանստանում

ISAF-ի (Միջազգային անվտանգության աջակցման ուժեր) կենտրոնական հրամանատարությունից հաստատել են միջադեպի մասին տեղեկությունը՝ չհրապարակելով, սակայն, սպանված գեներալի ինքնությունը։

Դեպքի մանրամասները դեռևս ճշտվում են, սակայն հայտնի է, որ աֆղանական բանակի համազգեստով անհայտ անձը, լինելով ռազմաբազայի ներսում, կրակ է բացել զինվորականների ուղղությամբ՝ պատճառելով վերոնշյալ կորուստները։ Ռազմաբազայի մյուս զինծառայողների բացած պատասխան կրակի արդյունքում չարագործը սպանվել է։

Նշենք, որ 2001-ից ի վեր, ինչ արևմտյան երկրների ուժերը ներխուժել են Աֆղանստան, ԱՄՆ բանակի գեներալ-լեյտենանտի մահը զինվորական կոչման առումով բարձրագույն կորուստն է, որը գրանցվել է։ Նման կորուստ Միացյալ Նահանգները նախորդ անգամ ունեցել էր 2001-ի սեպտեմբերի 11-ին, երբ ահաբեկիչների առևանգած օդանավը մխրճվեց Պենտագոնի շենքի մեջ։

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի Միջազգային անվտանգության աջակցման ուժերի տեղակայման որոշումն ընդունվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2001 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ։ Պաշտոնապես առաքելության նպատակն է աջակցել աֆղանական ուժային կառույցներին ապահովել անվտանգությունը երկրի տարածքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *