ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալն ու ԱԺ մի շարք պատգամավորներ օգոստոսի 5-ին այցելել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Այցելության նպատակը հակառակորդի կողմից վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտման տարբեր դեպքերի ընթացքում հրազենային վիրավորումներ ստացած և հոսպիտալում ապաքինվող զինծառայողներին տեսակցելն էր:
Պաշտպանության նախարարն ու խորհրդարանականները զրուցել են զինծառայողների հետ, բժիշկներից հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, զորակցություն հայտնել հայրենիքի պաշտպանության ժամանակ իրենց հերոսաբար դրսևորած հայորդիների ծնողներին:
Այցելության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը պատշաճ կատարելու համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով «Արիության մեդալով» պարգևատրված շարքային Նորայր Միքայելի Քամալյանին հանձնվեց պետական բարձր պարգևը:
Հոսպիտալում ապաքինվող զինծառայողներին ԱԺ պատգամավորները հանձնեցին նաև անվանական ժամացույցներ:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. օգոստոսի 4-9 | Ռազմ.info